Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Աճեմյան. Բյուջեն մսխող բոլոր չինովնիկները պետք է պատժվեն (Տեսանյութ)

Մայիս 27,2016 14:56

«Կարծում եմ՝ ժողովրդի մոտ արդեն շատ է նվազել բառերի հանդեպ վստահության պաշարը, եւ ավելացել է ակնկալիքը տեսնելու կոնկրետ լուծումներ»,- մայիսի 27-ին «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը:

Ըստ նրա՝ այն հանգամանքը, որ նախագահը հնչեցրել է կոռուպցիայի դեմ պայքարի թեզը, պետք է ուղենիշ լինի բոլորի համար. «Ես կարծում եմ, որ բոլոր այն չինովնիկները, որոնք մսխում են բյուջեն, կամ այն չինովնիկները, որոնք խոչընդոտում են նույնիսկ Հայաստան եկող ամենափոքր ներդրումը, այսինքն՝ այնպիսի գործողություններ են կատարում, որ արտասահմանյան ներդրողը, ոչ թե բարենպաստ միջավայրում գործի, այլ ունենա խոչընդոտներ, նրանք պետք է պատժվեն: Ոչ միայն մենաշնորհների դեմ պետք է պայքարել, այլ նաեւ գիտակցաբար մենք պետք է բոլորս միասին պայքարենք կոռուպցիոն երեւույթների դեմ: Ես կարծում եմ՝ այս անգամ կառավարության ղեկավարի կողմից հնչեցված միտքը չի մնալու պարզապես օդում, շատ կոնկրետ գործողություններ կհետեւեն: Այդ դեպքում միայն մենք կարող ենք հավաստել, որ կոռուպցիայի դեմ պայքարը իրական է եւ ընթանում է»:

Ասուլիսին մասնակցում էր նաեւ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը, նա նշեց, որ պատահական չէ, որ Հայաստանում կոռուպցիան կրում է համակարգային անվանումը. «Բոլոր այն ինդեքսները, որոնք հրապարակվել են, Հայաստանում կոռուպցիայի առկայության եւ ընկալման վերաբերյալ, դրանք, համաձայն շատ որոշակի սահմանումների, այն մասին են խոսում, որ մենք ունենք ոչ թե կոռուպցիոն դրսեւորումներ, այլ կոռուպցիոն համակարգ, եւ այն գործում է լիարժեք: Այս կտրվածքով, իհարկե՛, երբեմն-երբեմն խոսել ենք քաղաքական կոռուպցիայի մասին, երբեմն հիշատակել ենք, որ ամեն ինչ գալիս է իշխանության ձեւավորման օրինականությունից, եւ թերեւս կոռուպցիոն համատարած զանգվածային դրսեւորումներ տեսել ենք ընտրությունների ժամանակ»:

Նա հավելեց, որ երբեք լիահույս չի եղել Հովիկ Աբրահամյանի կառավարությունից՝ ո՛չ բարեփոխումներ սպասելու, ո՛չ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում. «Ես բավականին լավ կարծիքի եմ իրենց մասին, հավանաբար, քան իրենք իմ մասին կամ իրենք ընդհանրապես միգուցե իրենց մասին: Որովհետեւ ես չեմ կարծում, որ իրենք այնքան անիրազեկ են, որ չգիտեն, թե կոռուպցիան որտեղ է, եւ ես՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, կարիք ունեմ իրենց մեյլ ուղարկել փոստով եւ նոր սկսվի կոռուպցիայի դեմ պայքարը: Գաղտնիք չի եղել եւ ես ասում եմ որպես հինգ տարվա խորհրդարանական գործունության փորձ ունեցող մարդ, տնտեսական, բիզնես դաշտի բոլոր փոփոխությունները եղել են, Լարիսա Ալավերդյանը կասեր, ոչ թե ինչ-որ բանի մասին, այլ ինչ- որ մեկի մասին: Եվ հետեւաբար շատ իրազեկ են, հավատացնում եմ ձեզ՝ լրագրողներից, հանրությունից, մեզնից շատ ավելի իրազեկված են, թե այդ մեխանիզմը ինչպես է գործում, մենաշնորհները ինչպես են ստեղծվում, ինչպես է խեղվում մրցակցությունը եւ ինչու է խեղվում տնտեսությունը եւ ինչու երկիր ներդրումներ չեն գալիս»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031