«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթն այս տարի ունի ռեկորդային թվով մրցանակակիր։
Հայաստանի ու Արցախի 1.012 դպրոցների ավելի քան 41․000 աշակերտներից հինգը հաղթող է ճանաչվել․Անդրիասյան Հայկ (Երևանի թիվ 132 հիմնական դպրոց), Գևորգյան Գագիկ (Երևանի թիվ 71 հիմնական դպրոց), Չատինյան Գագիկ (Երևանի թիվ 11 հիմնական դպրոց), Մկրտչյան Միքայել (Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց), Ներսիսյան Սերգեյ (Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց):
Ի լրումն հինգ հաղթողների՝ մրցույթում լավագույն արդյունք է ցուցաբերել և պատվոգրի ու խրախուսական մրցանակի արժանացել 886 աշակերտ։ «Այբ» հիմնադրամը հատուկ խրախուսական մրցանակներ է շնորհելու ևս 713 աշակերտի՝ բոլոր այն դպրոցներում, որտեղ չկան հաղթող կամ պատվոգրակիր երեխաներ: Այսպիսով՝ ընդհանուր թվով 1604 աշակերտ այս տարի կարժանանա «Կենգուրուի» մրցանակներին:
Մայիսի 30-ից հունիսի 3-ը Հայաստանի և Արցախի 30 քաղաքներում կկայանան մրցանակաբաշխության հանդիսավոր արարողություններ։
«Կենգուրուն» աշխարհում ամենազանգվածային և ամենասիրված դպրոցական մրցույթն է, որն ամեն տարի նույն օրը անցկացվում է 63 երկրներում: Մրցույթն անցկացվում է անմիջականորեն դպրոցներում` ներգրավելով 3-12-րդ դասարանցի բոլոր ցանկացող աշակերտներին` անկախ մաթեմատիկական ունակություններից կամ առաջադիմությունից: «Կենգուրու» մրցույթը չի անցկացվում դպրոցների միջև, այլ նպատակ ունի համընդհանուր հետաքրքրություն առաջացնել մաթեմատիկայի հանդեպ` այն առավել գրավիչ ու սիրելի դարձնելով երեխաների համար:
Մրցույթի բացառիկ կազմակերպիչն է «Այբ» կրթական հիմնադրամը:
Մրցույթն անցկացվում է Հայաստանում՝ ՀՀ կրթության և գիտության, Արցախում՝ ԼՂՀ կրթության և գիտության նախարարությունների հովանու ներքո:
Հայաստանում մրցույթի կազմակերպման գործընկեր՝ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ:
Ինֆորմացիոն հովանավորներ` «Մեդիամաքս» լրատվական գործակալություն և «Կրթություն» շաբաթաթերթ:
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ