Լրահոս
Օրվա լրահոսը

Երկաթուղային և հայ-ռուսական «ռազմավարական» հարաբերությունները

Մայիս 27,2016 12:52

Սերժ Սարգսյանն երեկ ընդունեց հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումն ստանձնած ռուսական պետկորպորացիայի «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Օլեգ Բելոզյորովին: Սարգսյանն ընդգծեց, որ Հայաստանը «Ռուսական երկաթուղիներ» ընկերության հետ համագործակցության զարգացումը համարում է հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների կարևոր բաղկացուցիչ։

Գույք՝ պարտքի դիմաց

Սերժ Սարգսյանը թերևս ճիշտ է, որ զուգահեռներ է տանում «Ռուսական երկաթուղիներ» ընկերության հետ համագործակցության զարգացման և հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների միջև։ Տեսնենք, թե ինչպիսի՞ համագործակցությամ մասին է խոսքը։

Այս «համագործակցությունը» սկիզբ է առել 2008թ․-ին, երբ ՀՀ-ն «Գույք՝ պարտքի դիմաց» համաձայնագրի շրջանակներում «Ռուսական երկաթուղիներ» ընկերության դուստր «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանն է հանձնում հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը 30 տարի ժամկետով։ Նորություն չէ, որ ըստ Հայաստանի և ռուսական ընկերության միջև կնքված պայմանագրի, Հայաստանը պետք է փոխհատուցի ուղևորափոխադրումներից կրած վնասը, որը,այս պահի դրությամբ, ըստ ռուսական ընկերության կազմում է 9 միլիարդ դրամ։

Ըստ հրապարակված տվյալների միմիայն 2015թ․-ին ՀՀ պետական բյուջեից այս ընկերության կրած վնասի համար ռուսական ընկերությունը ստացել է 588,4 միլիոն դրամ կամ 1,2 միլիոն դոլար։ 2016թ․-ին նախատեսվում է, որ բյուջեից «Ռուսական երկաթուղիներ» ընկերության կրած վնասը կփոխհատուցվի 350 միլիոն դրամի կամ 721 հազար դոլարի չափով։

Տեսնելով, որ 2 տարվա ընթացքում ՀՀ-ն ռուսական ընկերությանը վնասներ է փոխհատուցել մոտ 2 միլիոն դոլարի չափով՝ փաստացի կարող ենք զուգահեռները տանել և պատկերացում կազմել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների մասին։ Ստացվում է, որ այս համագործակցության ընթացքում մենք պարտքի դիմաց ինչ-որ գույք են հանձնում, այդ գույքի միջոցով միշտ ինչ-որ անհասկանալի ճանապարհով պարտք ենք կուտակում Ռուսաստանին և այդ պարտքի դիմաց կրկին գույք ենք փոխանցում: Պարտքային այս փակ շրջանը տևում է արդեն 15 տարի։

Ինչպե՞ս են գոյանում վնասները

Հիշեցնենք, որ 2008թ․-ին կառավարության հետ կնքած կոնցեսիոն պայմանագրի համաձայն, «Հարավկովկասյան երկաթուղին» Հայաստանում ավելի քան 570 միլիոն դոլարի ներդրում իրականացնելու պարտավորություն է ստանձնել։ Ընկերության պնդմամբ այսօրվա դրությամբ այդ ներդրումների կեսն արդեն արվել է։

Սակայն, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) վեցամսյա ուսումնասիրությունից հետո եզրակացրել է, որ Հայաստանում մենաշնորհային դիրք ունեցող «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը չարաշահումներով է աշխատում: Ներկայացվող 250 միլիոն դոլարի ներդրումներն իրականում ուռճացված են, ծառայությունների ու ապրանքների գնումներն իրականացվում են Հայաստանի օրենսդրության խախտումներով։

Մասնավորապես, ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը «Ազատության» հետ զրույցում օրինակ է բերում Գյումրիի լոկոմոտիվային դեպոյում արտադրամասի կառուցումը, որտեղ մոտ հարյուր միլիոն դրամ է ծախսվել շինարարական աշխատանքների համար, մոտ երեք հարյուր միլիոն դրամի համապատասխան սարքավորումներ են ձեռք բերել, որպեսզի անվազույգերի նորոգումը իրականացվի Հայաստանում: Մինչդեռ, ըստ Շաբոյանի արտադրամասը կառուցելուց հետո անվազույգերը կրկին նորոգվում են արտերկրում:

Ստացվում է, որ եթե չլիներ 400 միլիոնանոց Գյումրիի դեպոն 2016թ․-ին ՀՀ բյուջեն կարող էր և ոչ մի վնաս չփոխհատուցել:

РЖД-ն՝ Ադրբեջանին

Ինչպես նախկինում հայտնել էինք, «Ռուսական երկաթուղիներ» ընկերության արդեն նախկին նախագահ Վլադիմիր Յակունինը հայտարարել էր, որ այդ կազմակերպությունը մտադիր չէ գումարներ ներդնել Հայաստան-Իրան երկաթգծում: Ավելին, ռուսական կողմը որոշվել էր ներդրումներ կատարել դրան մրցակից Ադրբեջան-Իրան երկաթուղու կառուցման մեջ:

Արդյունքում, Իրանը Ադրբեջանի հետ կկապվի երկաթուղով, ինչը միջազգային բեռնափոխադրումների համար ընդհանրապես իմաստազուրկ կդարձնի Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումը՝ էլ ավելի խորը տնտեսական շրջափակման մեջ դնելով Հայաստանը:

Տաթևիկ Վարդանյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031