Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Սամվել Ալեքսանյանի կնոջը ֆինանսների նախարարությունը տարեկան 78 միլիոն դրամ վճարում

Մայիս 27,2016 12:55

Այսուհետ կգործի հանրային գնումների հասարակական համակարգ, որտեղ քաղաքացիները կարող են գրանցել խախտումներ՝ գնումների ոլորտում եղած անարդարությունների վերաբերյալ:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Վարուժան Հոկտանյանը նշեց, թե մշակվում է երրորդ գործողությունների ծրագիրը (2016-2018), որում իրենք առաջարկում են նախքան գնումների գործընթացին մասնակցելը ստուգել՝ արդյոք մասնակից ընկերությունների ղեկավարները օֆշորներում գրանցվա՞ծ են, թե՞ ոչ: Նա մանրամասնեց. «Առաջարկում ենք ստեղծել մեխանիզմներ, որոնցով կպարզվի՝ արդյոք այդ գնումների մրցույթներին մասնակցող ընկերությունները պատկանում են պաշտոնյաներին, թե՝ ոչ, քանի որ նման նախադեպեր շատ կան»:

Պարոն Հոկտանյանը նշեց, որ իրենց ուսումնասիրությունների ոլորտը պաշտպանության համակարգն է, ՊՈԱԿ-ները:

«Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գնումների մոնիտորինգի փորձագետ Արտակ Մանուկյանը նշեց, որ պետական համակարգում գնումների գործընթացի վերաբերյալ 2014-ի համեմատ ոչ առաջընթաց կա, ոչ հետընթաց. «Պետական բյուջեի կատարման հաշվետվությունը 2015-ին ցույց է տալիս, որ մոտ 23187 պայմանագիր է ներկայացվել ֆինանսների նախարարություն, որ վճարումներ կատարվեն, բայց 15 տոկոսի մասով անհամապատասխանություն կա, 43-ի մասով վճարում չի կատարվել: Իրավիճակը չի վատացել կամ լավացել 2014-ի հետ համեմատած»:

Անդրադառնալով էլեկտրոնային գնումների համակարգին և ՀՀ վարչապետի հայտարարություններին ու հանձնարարականներին՝ պարոն Մանուկյանը նշեց. «Մեր ուսումնասիրությունները փաստում են, որ էլեկտրոնային գնումների խնդիրները մնացել են նույնը 2013 թվականից ի վեր: Խոսել էլեկտրոնային գնումների մասին, անլուրջ է»:

Պարոն Մանուկյանը նշեց նաև, որ նոյեմբերից-փետրվար ժամանակահատվածում հիմնականում գնումների ոլորտում հաղթող կազմակերպություններ են եղել «Ֆլեշ», «Նատալի ֆարմ», «Յուքոմ» ֆիրմաները և ամբողջ դաշտի համարյա կեսը այդ ընկերություններն են տնօրինում:

Հարցին՝ արդյոք կոռուպցիայի դեմ պայքարը իմիտացիոն բնույթ չի՞ կրում, պարոն Հոկտանյանն արձագանքեց. «Մենք ցույց տվեցինք այդ ընկերությունները, ուստի դա նշանակում է, որ լրագրողները մեծ դերակատարություն ունեն իրական տերերին գտնելու հարցում»:

Արտակ Մանուկյանը նաև շեշտեց, թե ամենախոշոր պայմանագրերն այս ոլորտում կնքվում են ԳԱԱ-ի հետ՝ 4.6 միլիարդ դրամի, իսկ արդյունքում չունենք ինովացիոն նվաճումներ, փոխարենը խոսում են քոսոտ երկրի մասին:

Ըստ Արտակ Մանուկյանի՝ ռիսկային պայմանագրերից է նաև այն, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը Սամվել Ալեքսանյանի կնոջ հետ վարձակալության պայմանագիր է կնքել. 2012-ից մինչ օրս տարեկան 78 միլիոն դրամի գումար է տալիս նրան. Արշակունյաց 127/21 հասցեում տարածք է վարձակալել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031