Լրահոս
Օրվա լրահոսը

Միխայիլ Բաղդասարով. «Ես 1996-1997 թվականներին Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավերով եկա Հայաստան». «Ազգ»

Մայիս 27,2016 12:46

«Ազգ»-ի խմբագրություն այցելեց Միխայիլ Բաղդասարովը եւ մանրամասն պարզաբանումներ ներկայացրեց այն մասին, թե ինչպե՞ս պատահեց, որ նախՙ «Արմավիան», ապա՝ «Հրազդան ցեմենտը» հայտնվեցին ֆինանսական ծանր կացության մեջ:

– Պրն. Բաղդասարով, Ձեզ պատկանող երկու խոշոր ընկերություններից «Արմավիան» սնանկացավ, իսկ «Հրազդան ցեմենտը» հայտնվեց սնանկացման եզրին: Պատճառների թվում նշվում է անարդյունավետ կառավարումը: Դուք համաձա՞յն եք դրա հետ:

– Ոչ, համաձայն չեմ: Երբ ես 1996-1997 թվականներին Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավերով եկա Հայաստան, այն ժամանակ Հայաստանում վառելիք չկար: Ինքնաթիռները թռնում էին Սոչիՙ վառելիքով լիցքավորելու եւ թռիչքն այնտեղից շարունակելու համար: Ես կազմակերպեցի այնպես, որ ինքնաթիռները անմիջականորեն Հայաստանից թռչեն:

Սկսեցի վառելիք ներմուծել մինչեւ Հայաստանի սահմանը, որտեղից 18 ընկերություններ գնում էին վառելիքը եւ մանրածախ վաճառք իրականացնում: Հետո դուրս եկա այդ բիզնեսից, որից հետո բենզին սկսեցին ներկրել 3 ընկերություններ:

Ձեռք բերեցինք «Հայխնայբանկը», որն ուներ պարտքեր եւ ոչ մի կերպ չէր հաջողվում այն վաճառել: Գործընկերոջս հետ ներդրումներ կատարեցինք, կառուցեցինք գլխավոր շենքը, մասնաճյուղերի թիվը հասցրեցինք 118-ի: Դրանից հետո միայն «ՎՏԲ»-ն գնեց այդ բանկը:

Նույնը նաեւ «Հրազդան ցեմենտի» դեպքում: Մինչ իմ կողմից գնելը, այն ընդհանրապես չէր աշխատում, ոչ ոք էլ չէր ցանկանում գնել: Մենք գնեցինք, աշխատացրեցինք, երեք տարի շահույթ չունեինք, հետո նոր սկսեց շահույթ տալ: Այդ ձեռնարկությունը կառուցվել էր ալյումին արտադրելու համար, ինչի պատճառով ցեմենտի արտադրության համար ծախսատար էր, այն պետք էր վերակառուցել: Արտադրությունը թաց եղանակով էր, որը եւս թանկացնում էր արտադրանքի ինքնարժեքը: Այդուհանդերձ, ցեմենտի գործարանը շահութաբերությամբ էր աշխատում:

– Ուրիշ ի՞նչն էր խանգարում ավիաընկերությանը, բացի օդանավակայանի բարձր գներից:

– Մեզ խանգարեց նաեւ Ադրբեջանը, գնելով մեր ինքնաթիռները: Մեզ վարձով տրված ինքնաթիռների համար, շուկայում թռիչքների թվի նվազման պատճառով, ցանկանում էինք հասնել նրան, որ գներն իջեցնեն եւ մենք երկու ինքնաթիռ գնեինք: Սակայն Ադրբեջանը հայտնեց, որ կվճարի ամբողջ գումարը եւ գնեց այդ ինքնաթիռները: Մենք ստիպված եղանք գնել հին ինքնաթիռներ, քանի որ այլ ելք չունեինք: Հին ինքնաթիռների շահագործման համար տուգանքներ են վճարվում:

Բացի դրանից, մենք զեղչով տեղափոխում էինք թոշակառուներին, իսկ այդ տարբերությունը մեզ չէր փոխհատուցվում: Մենաշնորհի համար տարեկան մեկ միլիոն դոլար էինք տալիս: Մենաշնորհն էլ միայն այն էր, որ մեզ հետ զուգահեռ ոչ ոք չէր թռնում: Զանազան միջոցառումների մասնակիցներին, մարզիկներին, պատերազմի վետերաններին մենք էինք տեղափոխում` համարյա անվճար: Այդ պատճառով էլ պարտքեր կուտակվեցին:

Արա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031