Արդեն մի քանի օր է՝ Արարատի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ բողոքի ցույցեր են անում եւ իշխանություններից (ավելի կոնկրետ՝ Սերժ Սարգսյանից) պահանջում, որ նա իրենց հարցերը լուծի եւ ստիպի, որ իրենց վճարեն աշնանը մթերված խաղողի գումարները։
Աշնանն էլ, ի դեպ, այդ նույն (կամ ուրիշ) գյուղերի բնակիչները ճիշտ նույն ձեւով Սերժ Սարգսյանից պահանջում էին, որ նա միջնորդի, եւ ընկերությունները մթերեն իրենց խաղողը։ Ընդ որում՝ այդ խաղողը մթերվել է խայտառակ ցածր գներով (40-80 դրամով), բայց նույնիսկ ա՛յդ գումարները չեն կարողանում ստանալ։
Եվ ահա բողոքի ցույց են անում նախագահականի դիմաց ու հայտարարում՝ «մեզ ոչ մի կոռուպցիա ու մոնոպոլիա չի հետաքրքրում, մեր քրտինքը բերեք տվեք մեզի, մենք էլ թողնենք ջանդամվենք»։ Սա նշանակում է մոտավորապես հետեւյալը. «մենք համաձայն ենք, որ դուք երկիրը թալանեք, միլիարդատերեր դառնաք, մենք համաձայն ենք, որ ընտրությունների ժամանակ մեր ձայները կեղծեք (հանրապետական էիք ուզում՝ հանրապետական բերինք), բայց մեր ցամաք հացը տվեք՝ գնանք»։
Այլ կերպ ասած՝ իշխանությունների եւ «հասարակ ժողովրդի» մեծամասնության պատկերացումները մոտավորապես համընկնում են, իսկ տարաձայնություններ առաջանում են միայն այն դեպքերում, երբ իշխանությունները իրենց բաժին պարտավորությունները չեն կատարում եւ անգամ ցամաք հացը չեն ապահովում։
Կարդացեք նաև
Ու պատահական չէ, որ նման բողոքները, որպես կանոն, հասնում են իրենց նպատակին։ Եթե այնպիսի կարեւորագույն հարցում, ինչպիսին պետական կառավարման մոդելն է, «լիակատար փոխըմբռնում» կա, մանր-մունր հարցերը կարելի է նաեւ լուծել։
Իսկ ահա ընդդիմությունը բոլորովին այլ մոդել է առաջարկում՝ ժողովրդավարություն, օրենքի գերակայություն, իշխանությունների ձեւավորում արդար ընտրությունների միջոցով, փոխադարձ պատասխանատվություն եւ այլն։ Մի խոսքով՝ ինչ-որ «անկապ բաներ է ասում» եւ դրանով իսկ խաթարում է ժողովրդի մեծամասնության եւ իշխանությունների միջեւ առկա «համարյա լիակատար փոխըմբռնումը»։
Դրա համար էլ չի վայելում իշխանություններից զզվող 80 տոկոսի վստահությունը։
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում