Լրահոս
Օրվա լրահոսը

«Հենրիկի վրա գրաֆիկ կդնենք, շաբաթվա կեսը տրանսպորտով կգնա». Արեյանը՝ Նավասարդյանի մեքենան վերցնելու մասին

Մայիս 27,2016 12:37

Այսօր Aravot.am-ը Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանից հետաքրքրվեց քաղաքապետարանի խնայողություններից, ներկայացուցչական ծախսերի կրճատումից, որոնց առնչությամբ սուր քննադատություններ են անընդհատ հնչում քաղաքապետարանի հասցեին: Նա պատասխանեց, որ արդեն 26 ծառայողական մեքենա են կրճատել. «Սարքին մեքենաներ են, որոնք սպասարկում էին պաշտոնյաների: Մենք բավականին զուսպ ենք, բայց ցանկացած կրճատում չի կարող լինել ինքնանպատակ: Ավելորդ հաստիքը դառնում է շռայլություն՝ ի վնաս բյուջեի»:

Մեր հարցին՝ ունե՞ք այդպիսի ավելորդ հաստիքներ՝ նա պատասխանեց, որ՝ ոչ:, շատ դեպքերում նույնիսկ չեն բավարարում:

Ինչ վերաբերում է ներկայացուցչական ծախսերին՝ Կամո Արեյանն ասաց, որ երբեք իրենց մեծ շռայլություններ չեն թույլ տվել, եւ այսօր էլ լինելու են զուսպ՝ բյուջեի հնարավորությունների շրջանակներում, անելու են միայն անխուսափելի ծախսեր: Դա է լինելու իրենց սկզբունքը:

Մեր հարցին՝ մարդիկ ասում են՝ մեքենաներ կրճատելիս առաջին հերթին պետք է տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի մեքենան վերցնել, որ հանրային տրանսպորտով երթեւեկի, իր մաշկի վրա զգա բոլոր թերությունները, համաձա՞յն եք դրա հետ՝ Կամո Արեյանը ծիծաղեց. «Հենրիկ Նավասարդյանի մեքենա վերցնելու կարիք չկա, որովհետեւ նա առանց այդ մեքենայի չի կարող ամբողջ քաղաքում վերահսկողություն իրականացնել, նա պետք է շրջի ամբողջ քաղաքում»:

Մեր դիտարկմանը, որ թող երթուղայիններով շրջի, ինտերվալները, յուրաքանչյուր երթուղու աշխատանքը շատ լավ կպատկերացնի՝ փոխքաղաքապետը պատասխանեց. «Լավ, Հենրիկի վրա գրաֆիկ կդնենք, շաբաթվա կեսը հասարակական տրանսպորտով կգնա, կեսն էլ՝ ծառայողական մեքենայով, լա՞վ է»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Երեւանցի says:

    ով էլ չի արել

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031