Կոռուպցիայի և մենաշնորհի դեմ պայքարում իշխանությունը շփոթվել, խառնվել է ու չգիտի ինչը ինչպես ներկայացնի ԱԺ։ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին հարցրի՝ ի վերջո, այս ի՞նչ կարգի պայքար է, որ այդքան անտեսանելի է։
– Իշխանության մի ներկայացուցիչ պնդում է, որ կոռուպցիայի և մենաշնորհի դեմ պայքարը չպետք է արագ ու կտրուկ լինի, մյուսը հակառակն է ասում, իսկ վարչապետն էլ երեք շաբաթ է «տվել», ինչն արդեն ավարտվում է։ Պարոն Մանուկյան, Ձեզ համար պարզե՞լ եք, ի՞նչ տեսակի պայքար է սա, անուն ունի՞։
– Հայաստանը հեծանիվ հորինելու կարիք չունի։ Կոռուպցիայի դեմ պայքարի շատ փորձված ձևեր կան։ Սա համակարգված, համապետական երևույթ է, երբ դրանում ներգրավված են պետական կառույցները՝ դատարաններ, դատախազություն, կառավարություն և այլն։ Սրա դեմ պայքարը, հետևաբար, պետք է լինի սիմետրիկ։ Այսինքն, պետական ողջ համակարգը պետք է դրա դեմ պայքարի։ Եթե որևէ նախարար որոշի իր համակարգը մաքրել, չի ստացվի, եթե որևէ դատավոր որոշի, որ այսուհետ միայն արդար վճիռներ է կայացնելու, էլի չի հաջողվի։ Այսինքն, Ձեր ասածի նման, եթե մի նախարար ասի՝ երեք օր, մյուսը՝ երեք ժամ, արդյունք չի լինի։
Կոռուպցիայի դեմ պայքարը հնարավոր է միայն իշխող քաղաքական ուժի կամքի արտահայտության դեպքում։ Սա քաղաքական որոշում է։ Ժողովրդական լեզվով ասեմ, թե ինչպես է դա իրականացվելու՝ վերևից ներքև, առաջին պաշտոնյայից մինչև վերջինը։ Սա նշանակո՞ւմ է, որ խնամի-ծանոթ չես բերում, անգրագետին գործի չես նշանակում, հանցագործի օգտին դատարանը վճիռ չի կայացնում, իսկ անմեղին չի դատում։ Այս պարագայում հնարավոր է ակնկալել իրական արդյունք։ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ էլ Հովիկ Աբրահամյանին ասացի, որ օրենքները մեզ չեն խանգարում, թղթի վրա մենք ունենք հրաշալի օրենքներ։ Լծակները խանգարո՞ւմ են։ Ոչ, մենք օրենքներով ունենք և՛ դատարան, և՛ դատախազություն՝ իրենց գործառույթներով։
Կարդացեք նաև
Իշխանությունը կարող է իր ենթակային պատժել, աշխատանքից հեռացնել կամ քրեական գործ հարուցել, եթե նա զբաղված է կոռուպցիայով։ Ամեն ինչ ունենք, ուրեմն ի՞նչն է պակասում։ Առավել ևս բոլորի մասին ունենք տեղեկություն։ Փոքր երկրում շատ հեշտ է պայքարել այս երևույթի դեմ։ Ռուսաստանում, օրինակ, դժվար է, մինչև Սիբիրից տեղեկությունը հասնի Կրեմլ, այնտեղից՝ Սիբիր, բավականին ժամանակ է պետք։ Ասել է՝ այս հարցում էլ ոչ մի խանգարող հանգամանք չկա, մնում է մի փոքրիկ բան՝ կոռուպցիայի դեմ պայքարելու ցանկություն։ Այն, ինչ հիմա մեր կառավարությունը հայտարարում է, բլեֆ է, իմիտացիա։ Թոզ են փչում հասարակության աչքին, Եվրոպայից գումար են ուզում, ընտրական պայքար են սկսում։ Նույն կառավարությունը երկու տարի առաջ էլի խոստումներ տվեց, թե իրենցից պետք է սկսեն, պետք է արդար լինեն։ Չստացվեց։
– Ինչո՞ւ, դա վտանգո՞ւմ էր իրենց գոյությունը։
– Իրենք առանց այդ մտածելակերպի չեն կարող ապրել, իրենց կենսաձևն է դա։ Այս համակարգը չի կարող առանց կոռուպցիայի ապրել։ Ընտրություններն էլ կոռուպցիայի մեջ են թաթախված։ Ամբողջ պետական համակարգն ընտրությունների ընթացքում դրվեց կոռուպցիոն ռելսերի վրա, եթե այդպես չլիներ, այս իշխանությունները չէին լինի։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում