Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկյան գաղտնազերծումներ Ղարաբաղի հարցով

Մայիս 27,2016 13:00

ԱՄՆ-ը բարձրաձայնում է ԼՂ կարգավիճակի, սահմանային միջադեպերի
հետաքննության մեխանիզմների կիրառման, Բաքվի ռազմատենչ քաղաքականության մասին:

ԱՄՆ պետդեպարտամենտն օրերս գաղտնազերծել է մայիսի 16-ին Վիեննայում Սարգսյան-Ալիեւ հանդիպումից հետո երկու բարձրաստիճան պաշտոնյաների ճեպազրույցի սղագրությունը:

Նախ` ամերիկացի պաշտոնյաները նշել են, որ ապրիլի 2-5-ի մարտերի ընթացքում հայկական ու ադրբեջանական կողմերը տվել են շուրջ 350 կորուստ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ի տարբերություն Ադրբեջանի՝ հայկական կողմը իր կորուստների թիվը չի թաքցրել, ու հրապարակվել են զոհերի անունները, կարելի է արձանագրել, որ ադրբեջանական կողմն, ուրեմն, ունեցել է 250 զոհ:

Քառօրյա պատերազմի մասին խոսելով՝ Պետդեպի ներկայացուցիչն ընդգծել է, որ ադրբեջանական կողմը շատ բարձր գին է վճարել այն տարածքների համար, որոնք այնքան էլ կարեւոր չեն՝ հայկական կողմի հայտարարության համաձայն: Սա էլ, ըստ էության, Սերժ Սարգսյանի կողմից բազմիցս հնչեցրած միտքն է, որը Վաշինգտոնը եւս հարկ է համարել ընդգծել:

Պետդեպի պաշտոնյաները Վիեննայի հանդիպման նպատակի մասին խոսելիս շեշտադրել են, որ հանդիպման խնդիրն է եղել համոզվել, որ կողմերը հավատարիմ կմնան 1994թ. զինադադարի համաձայնագրին։

Հիշեցնենք. 1994թ. զինադադարի համաձայնագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ստորագրել է Լեռնային Ղարաբաղը, եւ Պետդեպի մակարդակով այս մասին կրկին հիշեցնելը կարելի է միայն պատկերացնել, թե ինչ դիվանագիտական ապտակ է Ալիեւի համար, որն անցյալ ամիս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում եւ Անվտանգության խորհրդում տարածել էր նամակ, որով փորձ էր արել չեղարկել 1994թ. մայիսի 12-ի զինադադարի եռակողմ համաձայնագիրը:

Հաջորդ կարեւոր հանգամանքն այն է, որ Պետդեպի ներկայացուցիչն ասում է, որ կարեւոր խնդիրներից մեկը, որը պետք է լուծվի, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է` հավելելով, որ նախագահները համաձայն են, որ ԼՂ կարգավիճակի խնդիրը պետք է լուծվի ժողովրդի կամարտահայտությամբ, հայկական կողմը ցանկանում է, որ դա հնարավորինս շուտ կազմակերպվի, հետեւաբար հանրաքվեի անցկացման ժամկետներն ու ձեւերը քննարկման հարց են։ Ըստ պետքարտուղարության ներկայացուցչի՝ «Ադրբեջանի նպատակը Ղարաբաղի շուրջ տարածքների նկատմամբ վերահսկողություն վերցնելն է, Հայաստանի համար խնդիրը կարգավիճակն է: Ուրեմն հնարավոր է, որ նախագահները կամք ցուցաբերեն իրավիճակից դուրս գալու»։

Այսպիսով, Վաշինգտոնն ընդգծում է, որ լուծման սպասող ամենակարեւոր հարցերից մեկը ԼՂ կարգավիճակը որոշելն է: Իսկ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից կամարտահայտությամբ ԼՂ կարգավիճակի հստակեցումը պաշտոնական Բաքվի համար ամենացավոտ թեման է:

Ռուսական խաղաղապահների վերաբերյալ հարցին անդրադառնալով՝ Պետդեպի ներկայացուցիչը նկատում է, թե կողմերից ոչ մեկն այդ գաղափարին կողմ չէ, եւ առավելապես կենտրոնանում են վստահության ամրապնդման ջանքերի վրա։ Այնուհետեւ գալով դիտորդների առնչությամբ հարցին՝ ամերիկացի պաշտոնյան ասում է, որ այժմ 6 դիտորդները կարեւոր խնդիր չեն լուծում, եւ անհրաժեշտ է ավելացնել նրանց թիվը, ինչպես նաեւ ներմուծել գործիքակազմ, որը հնարավորություն կտա ամրագրել, թե ով է զինադադարը խախտում։

Այսինքն՝ ԱՄՆ-ը կրկին ընդգծում է շփման գծում հրադադարի խախտումները եւ միջադեպերը հետաքննող մեխանիզմների ներդրման կարեւորությունը: Ապա Պետդեպի պաշտոնյան շեշտում է, որ Ադրբեջանը դեմ է այս միջոցառումներին, դեմ է ցանկացած միջոցառման, որը պահպանում է ստատուս քվոն, եւ այժմ բանակցությունների նպատակն է նաեւ Ադրբեջանի մոտեցումը փոխելը։ Ավելին` Պետդեպի ներկայացուցիչն ամրագրում է, որ կան ադրբեջանցիներ, որոնք համարում են, որ խնդիրը կարող է լուծվել միայն զենքով:
Ինչո՞ւ է կարեւոր ԱՄՆ պետդեպի պաշտոնյաների՝ ԼՂ խնդրի առնչությամբ բավական ծավալուն այս ճեպազրույցի շեշտադրումներին անդրադառնալը: Բանն այն է, որ 2001թ. ապրիլին ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի հովանու ներքո Քի Վեսթում անցկացված Ռոբերտ Քոչարյան-Հեյդար Ալիեւ բանակցություններով ավարտվեցին ամերիկյան ջանքերը ԼՂ խաղաղ կարգավորման ուղղությամբ: Վերջին տարիներին Ղարաբաղյան կարգավորման ղեկը Ռուսաստանի ձեռքում էր, սակայն ռուսական «հովանավորությունը» զենքի մատակարարման հարցում հանգեցրեց նրան, որ Ալիեւը հետեւողականորեն խնդրի ռազմական լուծման կողմնակիցը դարձավ:

Ինչպե՞ս է իրեն դրսեւորել ռուսական կողմն այս ընթացքում` բացի Ալիեւին «մինչեւ ատամները» զինելուց: Մենք տարիների ընթացքում ականատես դարձանք ռուս-ադրբեջանական տպավորիչ հարաբերությունների կառուցման տարբեր ոլորտներում, այժմ դրանք արդեն կոչվում են «ռազմավարական գործընկերոջ» միջեւ հարաբերություններ:
Առհասարակ, Մոսկվայի շահի մասին այսօր արդեն շատերն են սկսել խոսել ու փաստել, թե ի տարբերություն Հայաստանի հետ հարաբերությունների՝ Ադրբեջանի նշանակությունը Ռուսաստանի համար ավելի մեծ է, հետեւաբար մենք մեր հույսը պետք է մեզ վրա դնենք:
Դա այդպես է: Բայց այս փաստը մեզ հիմա էլ ամենեւին չի խոչընդոտում, որպեսզի համեմատենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկու պետությունների` ԱՄՆ-ի ու Ռուսաստանի դիրքորոշումներում նկատելի տարբերությունները:

ԱՄՆ-ն այսօր խոսում է ԼՂ կարգավիճակի, սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների կիրառման մասին ու մատնանշում է այս գաղափարը մերժողին, շեշտում է, որ Ադրբեջանում խնդրի ռազմական լուծման կողմնակից են, իսկ Մոսկվան այս ամենի մասին լռում է: Լավրովն, օրինակ, նախընտրում է հրադադարի պահպանումը 2011թ. ՌԴ միջնորդության համատեքստում, որը Կազանի բանակցություններում Բաքվի ջանքերով մերժվել է: Բայց հիմա քանի որ սահմանային միջադեպերի ուսումնասիրության գաղափարը ամերիկյան կողմինն է, Մոսկվան դրանք չնկատելու է տալիս:

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը վերջերս նշեց, թե ՌԴ-ն միշտ օգնել եւ օգնելու է այս դժվար հակամարտության կարգավորման հարցում: Ավելի կոնկրետ` ո՞ր հարցում է օգնում հայկական կողմին Ռուսաստանը: Մոսկվայի` աստիճանաբար ադրբեջանամետ դիրքորոշումը Ղարաբաղի հարցում չափելու համար կարելի է, օրինակ, մեկ հարց բարձրացնել՝ ռուսական որեւէ փոքրիկ քաղաքում կամ հեռավոր մի գյուղում ինչ-որ խմբերի կողմից երբեւէ բարձրացվե՞լ է ԼՂ անկախությունը ճանաչելու հարցը: Չկա նման բան ու չի լինի:

Համեմատության համար հիշեցնենք, որ ԱՄՆ յոթ նահանգները` Ռոդ Այլենդը, Մասաչուսեթսը, Լուիզիանան, Մեյնը, Կալիֆոռնիան, Ջորջիան, այս տարվա մարտ ամսին` նաեւ Հավային, ճանաչել են Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Սա կատարվում է մի երկրում, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն է, ինչպես Ռուսաստանը:
Ռուսաստանի բազմամյա բանակցային ջանքերը ոչ միայն արդյունք չտվեցին, այլեւ հանգեցրին ապրիլյան նոր պատերազմի բռնկման, ավելին` այդ պատերազմից հետո այսօր էլ պաշտոնական Մոսկվան բացահայտ զերծ է մնում Ալիեւի քաղաքականության նկատմամբ եթե ոչ՝ քննադատություն հնչեցնելուց, ապա գոնե անկողմնակալ դիրքորոշում արտահայտելուց:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Լաաավ,ասենք լավ.Հապա ինչպես հասկանանք ԱՄՆ-ի կողմից վերջերս Ադրբեջանին հատկացրած 20 միլիոնի օգնությունը Հայաստանի 41 հազարի դիմաց:

  2. Aram ABAJYAN says:

    Այնպիսի տպավորություն է, որ երկու բարձրաստիճան պաշտոնյաների ճեպազրույցի սղագրությունը գրել են կամ սերժիկը, կամ Առավոտ-ի խմբագիրը: Ահավասիկ՝ «Քառօրյա պատերազմի մասին խոսելով՝ Պետդեպի ներկայացուցիչն ընդգծել է, որ ադրբեջանական կողմը շատ բարձր գին է վճարել այն տարածքների համար, որոնք այնքան էլ կարեւոր չեն՝ հայկական կողմի հայտարարության համաձայն: Սա էլ, ըստ էության, Սերժ Սարգսյանի կողմից բազմիցս հնչեցրած միտքն է, որը Վաշինգտոնը եւս հարկ է համարել ընդգծել:»

    • Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ says:

      Որպեսզի ձեզ համար ավելի պարզ լինի, խնդրեմ ծանոթացեք սկսզբանղբյուրին, որպեսզի անհարկի մեղադրանքներ չհնչեցնեք։ Պետդեպի ճեպազրույցի սղագրությունը՝ https://www.state.gov/r/pa/prs/ps/2016/05/257263.htm
      Իսկ արձանագրելը, որ ձեր նշած միտքը հայկական կողմից բազմիցս արտահայտած դիրքորոշումն է, նորություն չէ։։

  3. Հ.Շ. says:

    Ընդհանրապէս միջազգային քաղաքականութեան մէջ, եւ ի մասնաւորի Արցախի նման չափազանց բարդ նիւթերու կապակցութեամբ, երեւոյթները հակառակն են իրականութեան, խօսքերը հակառակն են նպատակներուն եւ արարքներուն:

    Նվազագոյն, տարրական տրամաբանութիւն չկայ, երեւակայելու համար թէ Հայաստան-Ադրբեջան հակաշարտութեան մէջ, ԱՄՆ-ն մեր կողմից է, իսկ Ռուսաստանը՝ մեր դէմ:

    Սակայն պարզ է թէ Հայաստանում, ոմանց նկատմամբ, ազդու եւ արդիւնաբեր են ԱՄՆ-ի մարտավարական ձեւակերպությունները, մասնագիտական կեղծաւորութիւնը, բարի ժողովուրդների միամտութեան անդադար շահագործումը:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031