Մայիսի 26-ին Դիլիջանի քաղաքապետարանի շենքի առաջ հավաքվել են Դիլիջանի Շամախյան թաղամասից, Հաղարծին , Գոշ, Թեղուտ գյուղերից ավելի քան 50 հոգի, ովքեր պահանջել են անտառում թափված ծառերի հաշվին իրենց ապահովել վառելափայտով, թույլ տալ անտառ մուտք գործել:
Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանին հարցրինք՝ ինչո՞ւ են բողոքավորները հավաքվել քաղաքապետարանի շենքի առաջ, չէ՞ որ խնդիրը կապված է «Դիլիջան» ազգային պարկի հետ:
Նա ասաց՝ բողոքավորները հայտնել են, որ քաղաքապետարան են եկել, որովհետեւ իրենք քաղաքապետ են ընտրել եւ հարցի լուծման համար նրա հետ են հույսեր կապում:
Դիլիջան է ժամանել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, որը խնդրի վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հետ, Դիլիջանի քաղաքապետարան է եկել «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Սահակ Մուրադյանը:
Կարդացեք նաև
Որոշվել է, որ Դիլիջանի տարածաշրջանի բնակիչները վառելափայտի հարցը կարող են լուծել ազգային պարկի անտառների թափուկի հաշվին,մատչելի վճարով:
Դիլիջան քաղաքի մեր աղբյուրները հայտնում են, որ Դիլիջանի քաղաքապետարանի շենքի առջեւ հավաքվածների մեջ եղել են նաեւ անձինք, ովքեր զբաղվում են փայտի բիզնեսով:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ