Վարչապետի՝ մոնոպոլիաների դեմ պայքարելու մասին ելույթը հնչել է մայիսի 12-ին։ Անցել է արդեն երկու շաբաթ, եւ գոնե այս պահին, օրինակ, «այլընտրանքային» բանան կամ շաքարավազ ոչ ոք չի ներկրել։ Կասեք՝ ժամկետը քի՞չ է, չէի՞ն հասցնի։ Հիմա ուսումնասիրենք՝ քի՞չ է արդյոք ժամկետը։ Երեկվա դրությամբ, ըստ ռուսական մասնագիտացված կայքերում առկա տեղեկատվության, Կրասնոդարի մարզում մեկ կգ բանանի մանրածախ գինը 63 ռուբլի 90 կոպեկ էր։ Դրամի երեկվա փոխարժեքով դա կազմում է 467 դրամ։ Երեկ Երեւանի խանութներում մեկ կիլոգրամ բանանը վաճառվում էր 870 դրամով։
Հատուկ շեշտենք, որ խոսքը մանրածախ գնի մասին է, որի մեջ ներառված են հարկերը, տուրքերը, մատակարարի եկամուտը, խանութի եկամուտը եւ այլն։ Այսինքն, բոլոր հավասար պայմաններում Կրասնոդարից Երեւան հասցնելու դեպքում այդ ապրանքի վրա ավելանալու է միայն ու բացառապես տեղափոխման արժեքը։
Տրանսպորտային կազմակերպությունների առաջարկած գները հաշվի առնելով՝ յուրաքանչյուր մեկ կիլոգրամ բանանի՝ Կրասնոդարից Երեւան հասնելու գինը կկազմի առավելագույնը 20 ցենտ, կամ մոտ 100 դրամ։ Տեղափոխման համար պահանջվող առավելագույն ժամկետը՝ 2 օր։
Այսպիսով, Կրասնոդարից Երեւան հասցնելուց հետո Ռուսաստանի խանութներում 467 դրամով վաճառվող բանանը այստեղ հնարավոր է վաճառել 567 դրամով, կամ 300 դրամով ավելի էժան։ 20 տոննա բանան ներկրելու համար անհրաժեշտ է առավելագույնը 23 հազար դոլար։
Կարդացեք նաև
Այսինքն ստացվում է, որ 23 հազար դոլար ծախսելով՝ ցանկացած գործարար կարող է երկու օրում Հայաստան ներկրել բանան, մեկ կիլոգրամը վաճառել, ասենք, մի 700 դրամով, փակել ծախսած գումարը ու վաստակել 5– 6 հազար դոլար։ Երկու երեք օրում՝ 5-6 հազար դոլար։
Վարչապետի ելույթից անցել է 15 օր, այսինքն, այս 15 օրերի ընթացքում կարելի էր արդեն մի 3 անգամ բանան բերել ու վաստակել մի 20 հազար դոլար։
Ընդ որում, ներկրվում է ԵՏՄ երկրից՝ Ռուսաստանից, ներկրվող ապրանքը մաքսազերծման ենթակա չէ, եւ դրա համար հուշաթերթ պետք չէ: Պետք է մեկ-երկու պարզունակ փաստաթուղթ, որի մասին տեղեկատվությունը կարելի է ստանալ մեկ-երկու զանգ կատարելով։ Բայց ոչ ոք, ոչ մի գործարար անգամ փորձ չի արել բանան ներկրել վարչապետի ելույթից հետո։ Ի՞նչ է, ոչ ոք չի՞ ցանկանում միլիոնատեր դաոնալ մի քանի ամսում։ Բա ո՞ւր մնաց էն «հայի գործարար ջիղը», որի մասին երևի դարեր շարունակ լեգենդներ ենք պատմում օտարերկրացիներին և ինքներս մեզ։ Իսկ գուցե խնդիրը գործարար ջի՞ղը չէ։
Էդ հիմա է, որ Ռուսաստանում բանանը երկու անգամ է էժան։ Մի կես տարի առաջ երեք անգամ էժան էր։ Այսինքն, բանան բերելով՝ գործարարը ոչ թե միլիոնատեր կդառնար, այլ միլիարդատեր, բայց էլի ոչ ոք չբերեց։ Այնպես որ, հուշաթերթիկը այս իրավիճակում կարող է դեր ունենալ, բայց շատ փոքր, համարյա չնչին, գրեթե ոչ մի։
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում