Հանրապետության պաշտպանական կարիքների բավարարմանը միտված բարեգործական նախաձեռնությամբ են հանդես եկել Երուսաղեմի միացյալ հանձնախմբի անդամները, ովքեր կենտրոնացնելով տեղի հայ համայնքի ներուժը պաշտպանության բանակի համար ձեռք են բերել դեղորայք և բժշկական սարքավորումներ, զինծառայողների համար նախատեսված անհատական դեղատուփեր: Մայիսի 27-ին միացյալ հանձնախմբի ներկայացուցիչներին ընդունել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հանձնախմբի կողմից ՊԲ-ին ուղղված ծրագրային հետագա նախաձեռնություններին վերաբերող հարցեր:
Այնուհետև միացյալ հանձնախմբի անդամներն այցելել են Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, տրամադրել դեղորայք և բուժսարքավորումներ, շփվել վիրավոր և առողջական այլ խնդիրներ ունեցող զինծառայողների հետ: Հյուրերը նաև շնորհակալություն են հայտնել բուժանձնակազմին ապրիլյան իրադարձությունների ժամանակ մասնագիտական պարտքը բարձր մակարդակով կատարելու համար և հավաստիացրել, որ այսուհետ ևս պատրաստ են հանդես գալու նման նախաձեռնություններով:
Միացյալ հանձնախմբի անդամները նույն առաքելությամբ այցելել են նաև բանակային առաջնագիծ:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն