Հունիս ամսին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ռեկտորի ընտրություններ են սպասվում: Գործող ռեկտոր Կորյուն Աթոյանի պաշտոնավարման ժամկետն արդեն սպառվում է: «Առավոտի» տեղեկություններով՝ համալսարանի ռեկտորի պաշտոնին նոր հավակնորդ է հայտնվել` ՀՀ գյուղատնտեսության սննդի անվտանգության ծառայության նախկին պետ Աբրահամ Բախչագուլյանը: Մամուլում հրապարակումներ եղան, որ այդ պաշտոնին հավակնում է նաեւ բուհում դասախոսող, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Վերջինս, սակայն, հերքեց՝ ասելով, որ Կորյուն Աթոյանն իր լավ ընկերն է: Կորյուն Աթոյանը, ով արդեն հայտարարել է, որ նորից է առաջադրվելու, մտերիմ է նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Վարչապետը բուհի խորհրդի նախագահն է: Աբրահամ Բախչագուլյանը, հիշեցնենք, համարվում էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի մտերիմներից: Բավականին անհասկանալի պատճառներով նա թողեց պաշտոնը, եւ կարծես պետական կառավարման համակարգում նրա հնարավոր վերադարձի «դռները փակվեցին»: Չնայած բավական երիտասարդ տարիքին, սեփական մանր-մունր բիզնեսներին զուգահեռ, ասում են՝ Բախչագուլյանը որոշել է նվիրվել գիտամանկավարժական աշխատանքին: Նա նույնպես ՀՊՏՀ-ում դասախոսում է: Երեկ պարոն Բախչագուլյանն այդպես էլ չարձագանքեց մեր հեռախոսազանգերին, եւ հնարավոր չեղավ «առաջին ձեռքից» պարզել այս տեղեկության իսկությունը:
«Առավոտ» օրաթերթ
27.05.2016