Ս.թ. մայիսի 24-ին Բուլղարիայում նշվել է Սլավոնական այբուբենի՝ կիրիլիցայի ստեղծման տոնը, որը հայտնի է, որպես Բուլղարիայի լուսավորության և մշակույթի տոն:
Ամեն տարի այս տոնին Բուլղարիայի նախագահի նստավայրում տեղի է ունենում ավանդական հանդիսավոր ընդունելություն, որին մասնակցում են Բուլղարիայում հավատարմագրված դիվանագետներ, նաև հոգևոր առաջնորդներ, տարբեր համայնքների ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ:
Այս տարի ևս Բուլղարիայի հայ համայնքի ներկայացուցիչները, առաջնորդությամբ Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանի, ներկա գտնվեցին սույն հանդիսավոր արարողությանը: Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռոսեն Պլևնելիևը անձամբ ողջունեց հայ համայնքի ներկայացուցիչներին և իր խորին շնորհակալությունները հայտնեց ներկայության համար: Առաջնորդ Հայրը Բուլղարիայի հայ համայնքի անունից շնորհավորեց նախագահին սլավոնական ժողովուրդների համար այս սրբազան տոնի առիթով: «Գրերի գյուտը, ինչպես հավաստում է պատմությունը, նա‘և քրիստոնեության ամրապնդման և ազգային ինքնության դիտակետից կարևոր պայման եղավ…», նշեց հոգեշնորհ Հայր սուրբը:
Նախագահ Պլևնելիևը իր խոսքում հատկանշեց, որ ազգությամբ բուլղար սուրբ Կիրիլ և սուրբ Մեթոդի եղբայրների թողած ժառանգությունը՝ կիրիլիցան, անանց և անգնահատելի է: «Սուրբ եղբայրների գործը լուսավորություն բերեց ավելի քան 50 ժողովուրդների, ովքեր այսօր գործածում են կիրիլիցան որպես պաշտոնական այբուբեն: Կիրիլիցայի արարումը ամենամեծ ժառանգությունն է, որ բուլղար ժողովուրդը տվել է համաշխարհային քաղաքակրթությանը», նշեց նախագահը:
Ավանդական ընդունելությանը ներկա էր նաև Բուլղարիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը:
ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ՄԱՄԼՈ ԴԻՎԱՆ