2016թ. մայիսի 26-ից 27-ը Ճապոնիայում են գտնվում Մեծ յոթնյակի անդամ պետությունների առաջնորդները, որոնց քննարկման հիմնական նյութն է եղել համաշխարհային տնտեսությունը, ահաբեկչությունը, փախստականները և նմանատիպ այլ հարցեր։ Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը։
Կայացած հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին խոսել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Նրա խոսքերով՝ հանդիպումների ընթացքում քննարկվել է Ռուսաստանի հանդեպ կիրառվող պատժամիջոցների երկարաձգման հարցը, և Մեծ յոթնյակը կողմ է արտահայտվել 2016թ. հուլիսին դրանք երկարաձգելուն։ Թեմայի վերաբերյալ Մերկելը հայտնել է նաև իր անձնական դիրքորոշումը. «Իմ կարծիքով շատ վաղ է ամբողջովին հանել դրանք»։
Շարունակելով թեման՝ Մերկելը նշել է, որ իրենք չեն նկատում Ռուսաստանի Դաշնության դիրքորոշման որևէ փոփոխություն։ Հավելենք նաև, որ Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների շարունակման քաղաքականությանը նախօրեին կողմ էր արտահայտվել նաև Եվրոխորհուրդի նախագահ Դոնալդ Տուսկը։