Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ինձ համար անտանելի է, երբ լսում եմ երեւանցի, գյումրեցի, ղարաբաղցի.. ». պրոդյուսեր Կարեն Ղազարյան

Մայիս 27,2016 11:03

Երեկ Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում ցուցադրվեց «Արմատներ» գեղարվեստական ֆիլմը, որը նկարահանվել է անցած տարի ու նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Ֆիլմը նախքան Գյումրի հասնելը ցուցադրվել է տարբեր կինոթատրոններում:

Ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Կարեն Ղազարյանն ու բեմադրող ռեժիսոր Վահե Յանը մամուլի ասուլիս էին հրավիրել Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում՝ խոսելով ֆիլմը նկարահանելու մտահղացման, դերասանների ընտրության ու մյուս հարցերի մասին:

Ֆիլմի պրոդյուսեր Կարեն Ղազարյանն ասաց, որ Գյումրին միշտ փորձում են պահել ուշադրության կենտրոնում: «Լինելով հայ ու ապրելով Հայաստանի Հանրապետությունում՝ հասկանում ենք, որ հանրապետությունն այն դեպքում է հանրապետություն, երբ որ կան տարբեր քաղաքներ, տարբեր բնակավայրեր: Եվ եզրափակվել մայրաքաղաքով ու ամեն ինչ անել Երեւանում ու ասել, որ մենք մեծ հանրապետություն ենք ուժեղ, դա ինքնախաբեություն է, եւ դրա համար, որպեսզի մենք կարողանանք ուժեղ երկիր լինել, պետք է մեր մյուս քաղաքները, առավել եւս մեր երկրորդ քաղաքը տեղեկացված լինի թե՚՛ մշակութային, թե կյանքի բոլոր առումներով»,-ասաց Կարեն Ղազարյանը:

Ֆիլմի բեմադրող ռեժիսոր Վահե Յանն էլ մանրամասնեց, որ այն մտահղացել է «Շարմ» հոլդինգը ու պրոդյուսեր Կարեն Ղազարյանը: Մտահղացումը ոչ ստանդարտ էր, հետեւաբար եւ հասկացել են, որ հարիր է գեղարվեստական ֆիլմի ոչ ստանդարտ ձեւաչափ: Այն գեղարվեստական ֆիլմի սքրիփթ ռեալիթի ժանրի եւ վավերագրական ժանրերի սինթեզ է:

Սցենարի հեղինակը դրամատուրգ Կարինե Խոդիկյանն է: Որպես ֆիլմի գլխավոր դերակատարներ՝ ընտրել են ոչ հայտնի դերասանների, որոնք ոչ մի մտածելակերպի հետ չեն առնչվում: Բացի այդ, չեն ցանկացել, որ հանդիսատեսը դերասաններին նույնականացնի իրենց անցած դերերի հետ, այդ պատճառով էլ հրավիրել են այսպես ասած երկու անհայտ մարդկանց, երկուսն էլ ռեժիսորներ են՝ Մերի Մկրտչյանը ու Անդրանիկ Բաբայանը:

Ֆիլմի պրոդյուսեր Կարեն Ղազարյանն էլ ավելացրեց, որ ֆիլմում տեղ են գտել եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված բոլոր միջոցառումները՝ թե՛ Սրբադասման արարողությունը Էջմիածնում, թե System of Down-ի համերգը մայրաքաղաքի հրապարակում, Ծիծեռնակաբերդի իրադարձությունները: Ֆիլմը նկարահանվել է հենց այդ ժամանակ,: Ֆիլմը նվիրված է Եղեռնի 100-ամյա տարելիցին, բայց Եղեռնի մասին չէ, այլ հայերի մասին է, նրանց, որոնք հիշում են ու պահանջում են:

Ֆիլմի սյուժեն հետեւյալն է՝ բոստոնաբնակ լրագրող, բլոգեր Արամը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին որոշում է գալ Հայաստան և իր բլոգում լուսաբանել կատարվելիք իրադարձությունները: Հայաստանում նա շատ պատահական հանդիպում է ֆրանսիաբնակ Անետին, որը իր բլոգի մշտական ընթերցողներից է ու այսպես ծնվում է սիրո պատմություն, որն ավելի է նրանց կապում հայրենի հողի հետ:

Ըստ պրոդյուսերի, այստեղ շատ խորը վերլուծություն կա մեր արմատների, հայ լինելու մասին: «Ֆիլմի միջոցով փորձում ենք ասել, որ չկա նման հասկացողություն հայաստանցի, սփյուռքահայ: Առավել եւս իմ համար անհասկանալի ու անտանելի է, երբ սկսում եմ լսել երեւանցի, գյումրեցի, ղարաբաղցի, վանաձորցի կամ չգիտեմ… Իհարկե արմատները շատ կարեւոր են, եւ մենք յուրաքանչյուրս սիրում ենք մեր տունը, մեր քաղաքը, մեր փողոցը, մեր բակը, որտեղ ծնվել ենք, մեծացել ենք, բայց վերջիվերջո ծնվել ենք հայ ու արմատներով հայ ենք: Մենք մի գեն ենք կրում, եւ յուրաքանչյուրիս ցավը եւ խնդիրը ամեն մեկինս է մեր հանրապետությունում ու հանրապետությունից դուրս հայերի մոտ: Դրա վառ օրինակը եղան ապրիլյան դեպքերը, երբ մի բռունցքի պես հավաքվեց ազգը մի խնդրի շուրջ ու կարծես թե լուծում գտավ. թույլ չտվեցինք թշնամու առաջ գալը»,- ասաց Կարեն Ղազարյանը:

Բանախոսները նշեցին, որ ֆիլմը ցուցադրել են Մոսկվայի եկեղեցու ճեմարանի դահլիճում՝ սփյուռքի նախարարության աջակցությամբ, մտադրված են ցուցադրել Եվրոպայում, ԱՄՆ-ում: Ըստ մեր զրուցակիցների, ֆիլմը ցուցադրվել է Երեւանի կինոթատրոններում, սակայն հանդիսատեսը պատրաստ չէ այս տեսակ ֆիլմերը կինոթատրոններում դիտելու:

«Տարօրինակ է, բայց երբ որեւիցե կոմեդիա է դուրս գալիս ու ցուցադրվում է կինոթատրոններում, բազմաթիվ կինոդիտողներ են դուրս գալիս: Տոմսերը սաղ վաճառվում են, միշտ լեփ-լեցուն դահլիճներ, բայց դրանք պարզապես ժամանային ֆիլմեր են, որոնք ոչինչ չեն ասում, մեծ գաղափարներ չեն կրում, ժամանցի,հանգստանալու, լիցքաթափվելու համար են: Ֆիլմեր, որոնք բան ունեն ասելու, մտածելու տեղիք են տալիս, կարծես թե այդքան էլ լավ չեն նայում: Մեր ֆիլմը երկար կյանք չունեցավ կինոթատրոններում, բայց ես վստահ եմ սա այն ֆիլմն է, որը շատ-շատ երկար տարիների կյանք է ունենալու հեռուստատեսային ֆորմատում, ինտերնետային կյանքում: Ֆիլմ է, որը միշտ կնայվի…»,- եզրափակեց Կարեն Ղազարյանը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031