ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը անդրադարձավ Ստամբուլում վերջերս Ադրբեջանի նախագահ Ալիեւի հայտարարությանը, թե միջազգային հանրությունը պետք է կանխի ՀՀ կողմից միջուկային սպառնալիքը:
«Ոչ միայն Ստամբուլում ասաց, այլեւ տարբեր հարթակներում հայտարարում է, որ Հայաստանը ատոմային զենք ունի, Հայաստանը սպառնալիք է տարածաշրջանում ատոմային զենքով: Մեկ բառով ասեմ, որ դա մառազմ է, զառանցանք: Ինչ ատոմային զենք, ծիծաղելի է»,- պատասխանեց Շարմազանովը:
Դիտարկմանը, թե ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հայտարարության վրա հիմնված են Ադրբեջանում նման հայտարարություններ անում, պարոն Շարմազանովն ասաց, որ Հայաստանն ի տարբերություն Ադրբեջանի, ժողովրդավարական հանրապետություն է, ու յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր արտահայտություններն անել: Ալիեւի նման հայտարարությունները խոսում են իր հայտարարությունների անլրջության մակարդակի մասին:
ՀՀԿ խոսնակն անդրադարձավ նաեւ Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւին ու ասաց, որ մեծ սպասելիքներ ունեն Բունդեսթագից. « Հաշվի առնելով, որ մեկ անգամ արդեն հետաձգվել է ու հաշվի առնելով, որ հունիսի երկուսին քննարկման բանաձեւը ներկայացրել են իշխող կուսակցության անդամները ու դրան միացել են այլ կուսակցություններից, որեւէ խոչընդոտ չեմ տեսնում: Հնարավորությունները մեծ եմ համարում, որ հունիսի երկուսին Գերմանիայի Բունդեսթագը կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Իսկ Գերմանիան գերտերություն է, ոչ թե շարքային երկիր»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ