ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկվել են շփման գծում իրավիճակի վերաբերյալ հարցեր: Ըստ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի, նախագահը ներկայացրել է նաեւ վերջին շաբաթվա ընթացքում իր հանդիպումների արդյունքները, ԼՂ հիմնահարցի շուրջ ընթացող միջազգային գործընթացները, անվտանգության ամրապնդման միջոցառումների ընթացքը եւ արտահերթ նիստի արդյունքները:
Գործադիր մարմնի նիստից հետո պարոն Շարմազանովը պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին. առաջին հարցը վերաբերում էր ԱԺ-ում ընտրական օրենսգրքի՝ երրորդ ընթերցմամբ անցնելու հանգամանքին: Ի՞նչ կարծիքի եք՝ կոնսենսուս եղա՞վ նախագծի քվեարկության առումով հարցին ՀՀԿ խոսնակը պատասխանեց. «Կոնսենսուս, կոնսենսուս, ուրեմն 131 պատգամավորն էլ պետք է կողմ լինեին: Նախ եւ առաջ ժողովրդավարությունը բազմակարծություն է, ու նույնիսկ ամենաժողովրդավարական երկրներում նման օրենքները հաճախ միաձայն չեն անցնում: Կարևորը լինի կոնսոլիդացիա: ՀՀԿ մեծամասնությունը բաղկացած է 71 պատգամավորից, հաշվի առնելով, որ ունեցել ենք մի քանի բացակա պատգամավոր ու հաշվի առնելով, որ կողմ են քվեարկել 102 պատգամավոր, ապա կարող եմ ասել, որ սա ամենալայն կոնսոլիդացիան է, որը կարող էինք սպասել»:
Պարոն Շարմազանովի խոսքով, բացի ՕԵԿ-ից բոլոր խմբակցություններից էլ եղել են ընտրական օրենսգրքի նախագծին կողմ քվեարկած պատգամավորներ: Նա թվարկեց նաեւ կողմ քվեարկած ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների անունները:
Մյուս հարցն էլ վերաբերում էր Սամվել Բաբայանի վերադարձին:
Կարդացեք նաև
«Ինչ ասեմ, քաղաքացի է, վերադարձել է: Ազատ տեղաշարժի իրավունք ունի, բարով է վերադարձել»,- արձագանքեց Շարմազանովը:
Դիտարկմանը, թե ոչ միայն վերադարձել է, այլեւ իշխանություններին սուր քննադատության է ենթարկել, թե քառօրյա պատերազմից առաջ չեն կարեւորել անվտանգությունը, պարոն Շարմազանովը շարունակեց. «Անկախ ձեր նշած գործչի հայտարարություններից, քննադատություններից, մենք մեր կարծիքը քառօրյա պատերազմի մասին հստակ ասել ենք ու վերահաստատել ենք: ՀՀ ու ԼՂ զինված ուժերը կատարել են իրենց վրա դրված պարտականությունները: Ադրբեջանի կողմից իրականացված բլից կրիգը չի ստացվել, Ադրբեջանը ձախողել է ու որեւէ բնակավայր չի կարողացել գրավել, բոլոր բնակավայրերը գտնվում են ՊԲ վերահսկողության ներքո»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ