Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեբանը վերլուծում է, թե ինչու են զավակները սպանում ծնողներին

Մայիս 27,2016 00:45

Նախօրեին լրատվամիջոցներով հրապարակվեցին լուրեր, թե ինչպես է աղջիկը կացնի հարվածով փորձել սպանել մորը, իսկ որդին սպանել է հորը: Հոգեբան Կարինե Նալչաջյանից փորձեցինք հետաքրքրվել նման բռնության հնարավոր պատճառների մասին:

Մեզ հետ զրույցում Կարինե Նալչաջյանը պատմեց, որ տարիներ առաջ ներքին գործերի նախարարությունից  հարցում էր ստացել ներընտանեկան հանցագործությունների պատճառները պարզելու վերաբերյալ:

«Ես իմ մեջ ուժ գտա այդ հանցագործությունների տեսագրությունները նայել, թե ինչպես էին ծնողները սպանում իրենց ապօրինի հղիացած աղջկան,  թե ինչպես զավակը հորն էր սպանել: Ցավոք սրտի, հանցագործությունները, այդ թվում արյունակիցների, իրար սիրող ու նվիրված մարդկանց միջեւ նման ողբերգական դեպքերը բնորոշ են մարդկանց: Մենք դա պետք է համարենք մեր առօրյա հանցագործությունների դրսեւորումներից մեկը: Ինչքան էլ դա արտառոց է, անսպասելի ու այլ ապրումներ է  առաջացնում, միշտ եղել են, կան ու կլինեն: Նայենք մարդկության պատմությունը, Կայենն էլ եղբորը՝ Աբելին, սպանեց»,- ասաց հոգեբանը՝ անդրադառնալով վերջին շրջանում ծնողների կողմից զավակների սպանություններին ու ճիշտ հակառակը, զավակների կողմից ծնողների սպանություններին:

«Կոնկրետ պատճառները բացահայտելու համար կոնկրետ հետազոտություններ պետք է կատարվեն, իսկ թե ինչ հողի վրա են կատարում սպանություններ, կարող եմ ասել տարբեր են իրավիճակները: Մարդիկ իրար տանել չեն կարողանում, նեղ պայմաններում են ապրում, ապրուստի պակասն է ստիպում, բայց կարող են այդ պատճառներից որեւէ մեկը չլինել ու ապահոված, առանց խնդիրների անձինք էլ նման հանցագործություն կատարեն»,- շարունակեց հոգեբանը:

Մեր հարցին, թե նախօրեին որդին հորը խեղդամահ էր արել, նման տիպի սպանություն կատարած անձը հոգեպես կայուն վիճակում ի վիճակի՞ է նման հանցագործություն կատարել, տիկին Նալչաջյանը շարունակեց. «Սպանությունները կամ ուժեղ աֆեկտի ազդեցության տակ կարող են լինել կամ հոգեբանական խնդիրներ պետք է մարդն ունենա, որ նման հանցագործություն կատարի: Չմոռանանք, որ կա նաեւ բարոյապես հասուն լինելու հարց: Բարոյական  հասունության չափանիշներից մեկը դիմացի մարդու նկատմամբ մարդկային վերաբերմունք ունենալն է, առանց բռնության ուրիշների հետ վարվելը:

Հնարավոր է, որ այդ նույն որդին, որը սպանեց ծնողին, ընդհանրապես բարոյապես տհաս մարդ է, հանցավոր վարք ունեցող մարդ է: Ինքն արդեն տարբերակում չի դնում: Իսկ հայրեր-որդիներ կոնֆլիկտում շատ դեպքերում ծնողներն են մեղավոր, բայց որ գործը հասնի սպանության՝ կրկնում եմ, կամ սուր աֆեկտի ազդեցության կամ խեղված հոգեկան վիճակով է պայմանավորված»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031