Լրահոս
Օրվա լրահոսը

«Գնամ պատգամավորին ստիպեմ ասեմ` կոնդիցիոներն անջատի՞»

Մայիս 27,2016 18:00

Հրայր Թովմասյանն ԱԺ-ում խնայողություններ է սկսել

ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն ԱԺ-ում բյուջեի կատարման հաշվետվությունը ներկայացնելիս ասաց, որ անցյալ տարի լուրջ խնայողություններ են արել՝ 170 մլն դրամի: Միայն էլեկտրաէներգիայի ծախսի գծով խնայել են 75 մլն դրամ, կոմունալ ծառայությունների գծով՝ 20 մլն, կապի ծառայությունների գծով՝ 54 մլն դրամ:
«Առավոտը» նրան հարցրեց՝ ի՞նչ քայլեր եք ձեռնարկել, որ էլեկտրաէներգիայի այդպիսի խնայողություն է եղել, պատգամավորներին ասել եք՝ իրենց սենյակների սառնարանները չմիացնե՞ն, հեռուստացույցները, լույսերն անջատե՞ն: Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Ջեռուցման կաթսան է վերանորոգվել, պատուհաններում ինչ-որ խնդիրներ է լուծվել, որի պարագայում էներգախնայողություն է եղել, երբ որ եղանակը տաք էր՝ իջեցվել է. տարբեր բաներ ենք արել»:

Մեր դիտարկմանը, որ ԱԺ հանձնաժողովների նիստերին ձմռանը հաճախ այնքան շոգ է լինում, այնպես են ջեռուցում, որ պատուհաններն են բացում՝ Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Դե, ես ի՞նչ ասեմ, գնամ պատգամավորին ստիպեմ ասեմ` կոնդիցիոներն անջատի՞: Բայց, այնուամենայնիվ, ունենք խնայողություն»:
Հրայր Թովմասյանը, երբ 2016-ի բյուջեն էր հաստատվում, մեր հարցին՝ ինչո՞ւ եք բացակայող պատգամավորներին պետբյուջեի հաշվին աշխատավարձ տալիս, ասել էր, որ երբ պատգամավորը բացակա է ունենում, ամեն բացակայության համար գումար է պահվում աշխատավարձից: ԱԺ-ի հաշվապահն էլ պարզաբանել էր, որ խոսքը 30 հազար դրամի մասին է՝ ամեն մի բացակայության դիմաց, եւ որ Գագիկ Ծառուկյանն ընդհանրապես աշխատավարձ ԱԺ-ից չի ստանում:

Ուստի մենք պարոն Թովմասյանին հարցրեցինք, թե բացակայությունների գծով ինչքա՞ն խնայողություն է եղել: Հրայր Թովմասյանը դժվարացավ պատասխանել:
Մենք ճշտեցինք՝ այսինքն, այդքան մեծ գումար չի՞ կազմել, եթե չնշեցիք դա որպես խնայողություն, Հայր Թովմասյանը պատասխանեց. «Աշխատավարձն էլ էդքան մեծ թիվ չի: Դե, 480 հազար է: Եթե ամեն մի նիստից այդքան էլ պահվում է, մի հատ դրեք հաշվեք»:
Ըստ Պառլամենտ մոնիտորինգի` 2015-ի ութերորդ նստաշրջանի ընթացքում, օրինակ, Սամվել Ալեքսանյանն ունեցել է 47 բացակայություն, Աշոտ Աղաբաբյանը՝ 91, ՀՅԴ-ական Արմեն Բաբայանը՝ 52, Հայկ Գրիգորյանը՝ 34, ԲՀԿ-ական Կարո Կարապետյանն ու ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանը՝ 48-ական, Մարինե Մարաբյանը՝ 62, Վարդան Օսկանյանը՝ 84, դե, իսկ ռեկորդակիրն իր բացակայություններով պատգամավորների մեջ Գագիկ Ծառուկյանն է՝ 94 բացակայություն: Թե նրանցից քանիսի՞ բացակայություններն են համարվել հարգելի՝ ԱԺ հասարակայնության հետ կապերի բաժնից խոստացան տեղեկատվություն տրամադրել ավելի ուշ:

 
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031