Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի բացառվում, որ վտանգի դեպքում ՀՀ-ին չպատկանող ավիացիան հրաժարվի ապահովել Հայաստանի կարիքների բավարարումը»

Մայիս 27,2016 16:30

Ավիացիայի ոլորտի մի խումբ մասնագետներ, աչքի առաջ ունենալով ապրիլյան քառօրյա պատերազմը, որի ընթացքում ակնհայտ էր սեփական քաղավիացիա ունենալու անհրաժեշտությունը, խիստ մտահոգություն են հայտնում մեր երկրի քաղավիացիայի ներկայիս իրավիճակի համար:

Նրանք նամակով դիմում են երկրի նախագահին, վարչապետին, տրանսպորտի եւ կապի, էկոնոմիկայի նախարարներին, ԱԱԾ տնօրենին, Քաղավիացիայի գլխավոր վարչության ղեկավարին՝ սեփական քաղավիացիան վերականգնելու հորդորով:

Երկրի պատասխանատուներին ուղղված նամակում ավիատորները գրում են. «Չկենտրոնանալով 1992-ից ի վեր Հայկական ավիացիայի քայքայման մանրամասներին («Զվարթնոց» օդանավակայանի, նրա գույքի եւ վազքուղու օտարումը, ավիատորների զանգվածային կադրային կոպիտ ջարդը եւ այլն, ինչին, համոզված ենք, քաջատեղյակ եք)՝ ցանկանում ենք ուղղակիորեն բարձրաձայնել Հայկական ավիացիայի վերականգնման անհրաժեշտությունը։

Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Հայկական գաղթօջախների շուրջ տեղի ունեցող աշխարհաքաղաքական գործընթացները հարկադրում են Հայաստանի Հանրապետությանն ունենալ իր սեփական քաղաքացիական ավիացիան՝ իր ինքնաթիռներով եւ անձնակազմերով, ինչն ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից ունի էական ռազմավարական նշանակություն։

Ավիացիայի դերը նշանակալից է Հայաստանի Հանրապետության անկախության ձգտման տարեգրության էջերում՝ Սպիտակի երկրաշարժի հետեւանքների հաղթահարման, Բաքվից ու Սումգայիթից տեղահանված բնակիչների տեղափոխման, Արցախի պատերազմի, պետության սոցիալ-տնտեսական անվտանգության ապահովման գործերում։

Տարածաշրջանային ներկա խիստ վտանգավոր ռազմաքաղաքական զարգացումներում արդյունավետ պաշտպանության, տնտեսության եւ գիտության զարգացման գործում առանձնահատուկ կարեւորվում է ավիացիայի դերը։ Տեղին է նշել, որ չի բացառվում՝ վտանգի դեպքում (ֆորս-մաժորային իրավիճակներում) Հայաստանի Հանրապետությանը չպատկանող ավիացիան հրաժարվի ապահովել Հայաստանի Հանրապետության կարիքների բավարարումը, ինչը նշված է բաց երկնքի քաղաքականության մեջ։
Ելնելով շարադրվածից՝ այս խնդրով մտահոգ քաղաքացիներս առաջարկում ենք՝ 1. ավիացիայի ղեկավարումն ամբողջովին իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության եւ ավիացիայի գլխավոր վարչության կողմից, 2. Հայաստանի Հանրապետությանը պայմանագրային հիմունքներով ձեռք բերել օդանավեր, որոնք հետագայում կդառնան Հայաստանի Հանրապետության սեփականությունը եւ կսպասարկեն չվերթները։

Հարգարժան պարոնայք, վստահ ենք, որ ի պաշտոնե կարձագանքեք առաջարկությանը եւ մեր բոլորիս ընդհանուր ջանքերով, արագ կարգով կանցնենք առավելապես մասնագիտական խնդիրների լուծմանը, կհզորացնենք հայրենիքի պաշտպանական ունակությունները, իսկ հայ ժողովրդի կողմից ներդրված գումարները կուղղվեն պետական բյուջե, այլ ոչ թե օտար պետությունների գրպանը»։

 

«Առավոտ» օրաթերթ
26.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031