Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բերման ենթարկելու արձանագրությունը իրականությանը չի համապատասխանում

Մայիս 27,2016 16:00

Կողոսկրերի կոտրվածքները պատկերող ռենտգեն ժապավենը կորել է

Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Աբրահամյանի նախագահությամբ շարունակվում է «Արմենիա» բուժկենտրոնում ոստիկանների եւ տեղի անվտանգության աշխատակիցների դեմ ոտնձգություններ կատարած, շտապօգնության ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխված հիվանդի՝ Հարություն Մկրտչյանի եւ նրա ընկերոջ՝ Արգիշտի Գոմցյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Նախորդ երկու նիստերը հետաձգվել էին, քանի որ ամբաստանյալներից, ում նկատմամբ ընտրված է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը, Արգիշտի Գոմցյանը գտնվում էր սահմանապահ գոտում՝ մարտական գործողություններին մասնակցելու նպատակով:

Դատական նիստում գործում եղած ապացույցները, գործի նյութերը հետազոտվելու ժամանակ պարզվեցին մի շարք հանգամանքներ:

Հարություն Մկրտչյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահագն Մանուկյանը (լուսանկարում) դատարանի ուշադրությունը հրավիրել է այդ կապակցությամբ մի քանի էական նշանակություն ունեցող հանգամանքների վրա: Մասնավորապես, Հարություն Մկրտչյանին բերման ենթարկելու արձանագրության համաձայն, ամբաստանյալը 2014թ. սեպտեմբերի 26-ին, ժամը 02.30-ին արդեն իսկ բերման էր ենթարկվել Մաշտոցի ոստիկանության բաժին: Նրա նկատմամբ, արձանագրության համաձայն, կիրառվել էր հարկադրանքի միջոց: Բերման ենթարկվելուց հետո Հարություն Մկրտչյանը, ըստ էության, ձերբակալվել է, հարցաքննվել է որպես կասկածյալ, 72 ժամը լրանալուց անմիջապես հետո, նրան որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշում է կայացվել եւ խափանման միջոց ընտրվել է կալանքը:

«Սակայն, համաձայն քրեական գործում առկա փաստաթղթերի, որտեղ կան զեկուցագրեր, «Արմենիա» բուժկենտրոնից հաղորդագրություններ, կար նաեւ այսպիսի հաղորդագրություն, որ իմ պաշտպանյալը 2014թ. սեպտեմբերի 26-ին, ժամը 02.35-ին տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Փաստորեն, բերման ենթարկելու արձանագրությունը իրականությանը չի համապատասխանում: Եթե Հարությունը միայն 02.35-ին հիվանդանոց է տեղափոխվել եւ ըստ մեղադրանքի մարմնի՝ տեղի էին ունեցել այն իրադարձությունները, որի համար նա մեղադրվում է, ինչպես կարող էր նույն ժամին գտնվել ոստիկանությունում»,-հարցնում է պաշտպանը՝ Վահագն Մանուկյանը:
Ըստ փաստաբանի, բերման ենթարկելու ժամը չի համապատասխանում արձանագրվածին, հետեւաբար, չի համապատասխանում նաեւ ձերբակալման ժամանակը: «Ստացվում է, որ այդ բոլոր դատավարական գործողություններն առոչինչ են եւ կասկած են հարուցում դրանց օրինականության հիմքերը»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է փաստաբանը, որը մտադիր է հաջորդ դատական նիստին կատարել միջնորդություն, որով կպահանջվի Հարություն Մկրտչյանի քրեական հետապնդման բոլոր հիմքերը ճանաչվեն առոչինչ, դրան տալով իրավական գնահատական:

Եթե ժամանակագրական առումով չի համապատասխանում բերման ենթարկելու, նրան ազատությունից զրկելու փաստը, եւ այդ ժամը ֆիքսված է ոչ իրական ժամանակահատվածով, ապա խախտվել են պաշտպանի գնահատմամբ՝ նրան ձերբակալելու, պահելու բոլոր ժամկետները:

Քրեական դատավարության 105 հոդվածի ակնհայտ կոպիտ խախտումներ է արձանագրել պաշտպանական կողմը, ինչը մեղադրանքի կողմը չի նկատել:

«Դատաքննության խնդիրն է գնահատական տալը, բերման ենթարկելու մասին արձանագրությունը: Ե՞րբ է, ի վերջո, ոստիկանություն տարվել իմ պաշտպանյալը, արդյո՞ք 72 ժամ պահվել է, ե՞րբ է ձերբակալվել, այս բոլոր գործողությունները դառնում են շահարկման եւ քննության առարկա»,- ասում է պաշտպանը: Ի դեպ, դատական նիստի ժամանակ պաշտպանի կողմից ներկայացվեց մի գրություն, որը «Արմենիա» բժշկական կենտրոնին էր ուղղել զրուցակից փաստաբանը:

Փաստաբանը խնդրել էր տրամադրել Հարություն Մկրտչյանի կրծքավանդակի ռենտգեն ժապավենը, քանի որ գործի քննության ժամանակ պարզվել էր, որ ոստիկանությունից տեղափոխելիս կատարվել է ռենտգեն լուսանկարում, եւ Հարությունի մոտ հայտնաբերվել էին կողոսկրի կոտրվածքներ:

Փաստաբանական հարցմանն ի պատասխան՝ «Արմենիա» բուժկենտրոնի վիրաբուժության գծով տնօրեն Գրիգորյանը եւ ռենտգեն բաժնի վարիչ Հովհաննիսյանը պատասխանել էին. «Հարություն Մկրտչյանի ռենտգեն ժապավենը կորել է, ինչի պատճառով չենք կարող այն ձեզ տրամադրել»:

«Հարց է ծագում. որ իրավունքով, ինչ հանգամանքներում, ինպես կարող է անհայտանալ մի կարեւոր փաստաթուղթ, որի միջոցով պաշտպանական կողմը պնդում է, որ ոստիկանության աշխատակիցները նրան դաժան ծեծի են ենթարկել եւ ոստիկանների կոնկրետ գործողությունների հետեւանքով են առաջացել այդ կոտրվածքները»,- շարունակում է Վ. Մանուկյանը:

Նշենք, որ դատախազ Էդգար Արամյանը հրապարակել է որպես ապացույց ճանաչված համալիր դատահոգեբանական եւ դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին որոշումը, ինչին առարկել էր պաշտպանական կողմը, այդ որոշմանը, հարցերին ու հիմքերին չէր ծանոթացել նաեւ Հարություն Մկրտչյանը: Մինչդեռ, Քրեական դատավարության օրենսգրքի 247 հոդվածի համաձայն՝ մեղադրյալը, կասկածյալը, տուժողը իրավունք ունեն ծանոթանալ փորձագետների կարծիքներին, ներկայացված հարցադրումների շարանին, միջնորդություններ ներկայացնելու:

Այդ կապակցությամբ Վահագն Մանուկյանն ասաց. «Իմ պաշտպանյալը եւ նրա այդ ժամանակվա պաշտպանը զրկված են եղել այդ իրավունքից, հետեւապես, եզրակացությամբ, որ Հարությունն իրեն մեղսագրվող հանցանքը կատարելու պահին ճանաչվել է մեղսունակ, նույնպես քննության առարկա է դառնալու: Ըստ գործի հանգամանքների, իմ պաշտպանյալը հիվանդանոց է տեղափոխվել անգիտակից վիճակում, նրա մոտ առաջացել է նոպա, եւ դատարանում հարցաքննված վիրաբույժի եւ բժիշկների, պարզվել է, որ հիվանդագին երեւույթները բնորոշ են սպիտակ տենդ հիվանդությանը: Հարությունի սահմանափակ մեղսունակության հարցը նույնպես պարզված չի: Պետք է քննարկվեր, եթե եղել է մեղսունակ, միգուցե՝ սահմանափակ մեղսունա՞կ է եղել:

Փորձագետին այդ հարցը չի ներկայացվել, այդ հարցը չի պարզաբանվել»: Պաշտպանական կողմը չի բացառում, որ հանդես կգա լրացուցիչ դատահոգեբուժական-դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությամբ, քանի որ գործի բոլոր հանգամանքները խոսում են այն մասին, որ ամբաստանյալը եղել է ծանր հոգեբանական եւ հոգեկան վիճակում, գործողությունները եղել են ոչ ադեկվատ:
Մի առանձին քննարկման հարց կդառնա տուժող ոստիկանների հագուստները դատարան ներկայացնելը: Պաշտպանական կողմն այս կապակցությամբ միջնորդություն արդեն իսկ արել է, ինչը դատարանի կողմից բավարարվել է: Տուժող ոստիկանի՝ Երեմյանի հագուստներն առգրավվել էին 4 անձանց, երկու ընթերակաների մասնակցությամբ: Տուժողը նույնպես մասնակցել է, սակայն, ըստ փաստաբանի, փաթեթավորման պիտակի վրա առկա է 3 ստորագրություն: Ուր էր 4-րդ անձի ստորագրությունը: Արձանագրության եւ պիտակի վրա առկա ստորագրությունները նույնպես կասկած էին հարուցել, հագուստի տիրոջ անունը չի եղել, նշված չի եղել, թե ում հագուստն է, որ քրեական գործով:
Դատարան կհրավիրվեն լրացուցիչ վկաներ, եւ նաեւ կպահանջվի բուժկենտրոնի տեսանկարահանող սարքերը, որով կպարզվի՝ դեպքից առաջ եւ հետո ինչպես են դրանք աշխատել:

 
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031