Լրահոս
Օրվա լրահոսը

«Սակավներին է հաջողվում արքա ծնվել, իսկ ընտրյալներին՝ արքա մեռնել»

Մայիս 27,2016 15:00

Հանդիսատեսի դատին կհանձնվի Հարություն Գալֆայանի
նոր մոնոներկայացումը՝ ըստ Կարինե Խոդիկյանի պիեսի

«Հրաժարական թագից, ունեցվածքից, իշխանությունից: Սակավներին է հաջողվում արքա ծնվել, իսկ ընտրյալներին՝ արքա մեռնել: Ոմանք ոչ միայն արքա ծնվելու, այլեւ այդ երազանքը փայփայելու իրավունք անգամ չունեն: Բայց հենց այդ տեսակին է հաջողվում արքա դառնալ: Իսկ իշխանությունը մարդուց խլում է մարդկայինը, իրականության զգացողությունը եւ սուտը, կեղծիքը, քծնանքն ու ստորաքարշությունն են դառնում միակ ճշմարտությունը»,- «Առավոտի» հանդիպումը երիտասարդ ռեժիսոր, դերասան Հարություն Գալֆայանի հետ սկսվեց արվեստագետի՝ այս տողերի ընթերցմամբ, որը վերցված է դրամատուրգ Կարինե Խոդիկյանի «Ծաղրածուն» պիեսից: Իսկ հիշյալ ստեղծագործության (տրագիկոմեդիա՝ համեմված ֆարսով) պրեմիերան մոնոներկայացման ձեւաչափով կկայանա մայիսի 28-ին՝ «Լոֆթ» ինքնազարգացման եւ ժամանցի կենտրոնում, Հարություն Գալֆայանի ռեժիսուրայով ու դերակատարմամբ:

Gayfayan_3

Հատկանշական է, որ մեր զրուցակցի հասցեին մասնագիտական շրջանակներում հաճախ շրջանառվում է հՈՎ րպոպ ՐպՋՌրրպՐ հայտնի արտահայտությունը: Պատճառը երիտասարդ արվեստագետի մինչ օրս իրականացրած մոնոդրամաներն են: Նշենք նաեւ Անուշ Ասլիբեկյանի «Բարի գալուստ իմ հեքիաթ» պատմվածքների մոտիվներով «Քո մասին է» եւ ըստ Հովհաննես Թեքգյոզյանի «Երկկենցաղ մարդը» պիեսի «www.AMPHIBIA.com» ներկայացումները, որոնք առայժմ մասնակցել են միայն հայաստանյան փառատոների, այդ թվում՝ «Արմմոնո», «Արտֆեստ», «Հայֆեստ»: Հետաքրքրությանը, թե ինչու է նախապատվությունը տալիս մոնոներկայացումներին, մեր զրուցակիցը խնդրեց դա եսասիրություն չընկալել, հետո պատասխանեց. «Մասշտաբային բեմադրություններ իրականացնելու համար հազար ու մի բան է անհրաժեշտ՝ սկսած հովանավորից, վերջացրած՝ տարածքի ու դերասանների վարձատրություն եւ այլն: Իսկ հովանավորներին հիմնականում չի հետաքրքրում արվեստը, նրանց հուզում է միայն դրանից ստացված իրենց շահույթը: Բացի այդ՝ հովանավորները դիմում են եկամտաբեր արվեստի տեսակին՝ շոուին, մշտապես նույն դեմքերի մասնակցությամբ: Ի վերջո, ստացվում է, որ սեղմ միջոցներով որպես ռեժիսոր ու դերասան, բեմանկարիչ ու զգեստների դիզայներ, ինքս իմ գործն առաջ եմ տանում»:

Gayfayan_1

Դիտարկմանը, թե գումար խնայելու համար ինքն էլ բեմանկարչի, հագուստի դիզայների աշխատանքներն է կատարում, Հարությունը տեղեկացրեց, թե ուսանել է նաեւ Ճարտարապետության եւ արվեստի ստուդիայում, որտեղ ուսումնասիրում են մանրանկարչություն, գծանկար ու գունանկար, կոմպոզիցիա:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչու կանգ առավ Խոդիկյանի այս պիեսի վրա: «Տպավորված եմ Կարինե Ջանջուղազյանի մատուցմամբ տիկին Խոդիկյանի «Լույսը կբացվի» մոնոներկայացմամբ, կարդացել եմ դրամատուրգի մի քանի գործերը, այդ թվում՝ «Լիլիթը», «Երեւան սիրավեպը» եւ այլն: Իսկ «Ծաղրածուին» անդրադարձել եմ հետեւյալից դրդված՝ ծաղրածուի միակ արտոնությունը ճշմարտությունն ասելն է: Ի վերջո, արվեստագետներն էլ իրենց խաղով, գրչով, նկարով «բաց տեքստով» իշխանավորներին հանդգնում են ասել ճշմարտությունը»,- հայտնեց արվեստագետը:

 

Հարություն Գալֆայանը մեջբերեց մոնոներկայացման այն կտորը, երբ իր մարմնավորած ծաղրածուն արդեն իշխանությունը կորցրած թագավորին հիշեցնում է. «Երբ կորցնում ես ամեն ինչ, ոչ մեկին պետք չես: Ամեն ինչը՝ ունեցվածքն ու իշխանությունը չէ: Ամեն ինչը հավատն է մարդու, մարդկանց, աշխարհի հանդեպ: Երբ կորցնում ես՝ աչքերդ բացվում են: Շատերն են փորձել կեղծավոր աշխարհում անկեղծ խոսք ասել… Կա՞ մեկը, ով համոզված է՝ մի օր հաղթելու է ճշմարիտ խոսքը…»:

 
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարներում` տեսարաններ «Երկկենցաղ մարդը» եւ «Քո մասին է» ներկայացումներից:

 

«Առավոտ» օրաթերթ
26.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031