Լրահոս
Օրվա լրահոսը

Կամիլա Կլոդելի հայկական «դիմագիծը»

Մայիս 27,2016 15:30

Քանդակագործ Հայկ Թոքմաջյանի քանդակը մեծ հետաքրքրություն է առաջացրել Լա Բրեսսի քանդակի փառատոնում

Քանդակագործ Հայկ Թոքմաջյանը մասնակցել է Լա Բրեսսում (Ֆրանսիա) ապրիլի 25-ից մայիսի 10-ը կայացած Քանդակի միջազգային փառատոնին, որը կրում է Կամիլա Կլոդելի անունը: Ինչպես «Առավոտին» տեղեկացրեց արվեստագետը, արդեն 25-րդ անգամ է անցկացվում նման փառատոն: Մշտապես հրավիրվում են փայտով, քարով ու բրոնզով աշխատող քանդակագործներ:

«Ես 2011-ին էլ եմ մասնակցել Լա Բրեսսի փառատոնին: Ամեն տարի այնտեղ որեւէ թեմա են առաջարկում, օրինակ՝ 2011-ին թեման ալքիմիան էր»,- հայտնեց Հայկ Թոքմաջյանը: Նրա հավաստմամբ, ընդհանրապես Լա Բրեսսի փառատոնին շատերը հիմնականում փայտի քանդակներ են անում, բայց լինում են 3-4 մասնակիցներ, որ քարի վրա են աշխատում:

«Կարծում եմ՝ ինձ էլ են հրավիրել որպես քարի վրա աշխատող մասնակից: Այս անգամ Լա Բրեսսի փառատոնի համար հոբելյանական տարի էր, կազմակերպիչները որոշել էին հրավիրել այն մարդկանց, որոնց գործերը ճանաչում են, տեսել են, հեղինակներն էլ իրենց կողմից հարգված եւ ընդունված են: Տարբեր երկրներից քանդակագործների էին հրավիրել, անգամ Աֆրիկայից էին ժամանել, որոնք ավանդական իրենց տեխնոլոգիաներով աշխատում են բրոնզով: Այս անգամ հատուկ թեմա չկար, ու կազմակերպիչները ցանկություն հայտնեցին տեսնել Կամիլա Կլոդելի կերպարը, կոմպոզիցիոն լուծումը: Շատ ոգեւորվեցի, որովհետեւ ինձ համար հնարավորություն էր ստեղծվել կերտել այդ հետաքրքիր կնոջ կերպարը, որը տաղանդավոր քանդակագործ է եղել, Ռոդենի աշակերտը, սիրուհին, հետո հոգեբուժարան է ընկել, ողբերգական կյանք է ունեցել: Այսօր արդեն Ֆրանսիայում արժեւորվում է իր անցած ուղին եւ ստեղծագործությունը, ուզում են վերանայել, հասկանալ՝ ինչպե՞ս է աշխատել Կամիլը, որի վրա Ռոդենի ստվերը կա»,- նշեց հայ քանդակագործը:

Kamila_Klodel_2

Նա զուգահեռ տարավ Կամիլա Կլոդելի եւ մեկ այլ տաղանդավոր արվեստագետի՝ Ֆրիդա Կալոյի միջեւ:

Հայկ Թոքմաջյանը ստեղծել է Կամիլա Կլոդելի դիմաքանդակը՝ շատ հետաքրքիր լուծումով: «Օգտագործելով Կամիլայի գործերից մեկի՝ «Վալսի» կոմպոզիցիան, ես արեցի իր պորտրետը, որը բավականին մեծ արձագանք գտավ, հիացած էին բոլորը: Լա Բրեսսի փառատոնում մրցանակները նախատեսված են փայտով աշխատողների համար, քարով աշխատողների վրա չի տարածվում: Եվ ընդհանրապես հաղթողը ժողովրդի քվեով է որոշվում: Փայտի աշխատանքները մնում են իրենց մոտ, մյուս աշխատանքները կամ վաճառվում են, կամ՝ ցուցադրվում քաղաքում, կամ էլ հեղինակը կարող է վերցնել եւ տնօրինել իր ուզածով: Իմ այս գործը պլանավորել են տեղադրել քաղաքապետարանի դիմաց, քանի որ կապվում է եւ քաղաքի հետ, եւ Կամիլայի հետ, եւ համընդհանուր լավ վերաբերմունքի է արժանացել»,- ասաց Հայկ Թոքմաջյանը:

 
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031