Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս հաղթել քո ներսի չարին

Մայիս 27,2016 14:30

Ինչպես ասել է Էյնշտեյնը՝ խավար իրականում գոյություն չունի, խավարը լույսի բացակայությունն է, չար հասկացությունը նույնպես գոյություն չունի, քանզի չարը՝ դա բարու բացակայությունն է: Փորձենք այս ամենից անել հետեւություն, եթե չարը բարու բացակայությունն է, ապա մենք շրջապատված ենք պոտենցիալ չարությամբ, քանզի մենք դառնում ենք բարի միայն այն ժամանակ, երբ անում ենք մի բարի գործ՝ լրացնելով չարը:

Պետք է համաձայնել Էյնշտեյնի հետ, քանզի մարդ ծնված օրից բարու եւ չարի «խառնուրդ» է, Աստված մարդուն տվել է երկուսից էլ հավասար, մարդն է որոշում՝ որն ավելի շատ օգտագործի իր կյանքում, միայն թե այստեղ չպետք է մոռանալ, որ պետք է կյանքն ապրել այնպես, որ որոշակի տոկոսային հարաբերականությամբ բարին գերիշխի չարին:

Թեմայի վերաբերյալ զրուցեցինք հոգեբան Լիլիթ Խաչատրյանի հետ: Նա կարծում է, որ չարության առաջացման դրդապատճառները բազմազան են՝ սկսած սեփական անձի անլիարժեքության զգացումից մինչեւ ֆիզիկական բռնություններ:

«Նախ շատ կարեւոր եմ համարում անդրադառնալ այն պատճառներին, որոնք կարող են մարդու մոտ առաջացնել չարություն: Դրանք կարող են լինել անհաջողությունները, ձախողումները, սիրելի անձի կորուստը, բաժանումը, սեփական անձի անլիարժեքության, անկարողության զգացումները, տրավմատիկ դեպքերն ու իրադարձությունները, հոգեբանական եւ ֆիզիկական բռնությունները եւ այլն: Չարության զգացումը քայքայում է սեփական անձի հուզական ներաշխարհը, ինչպես նաեւ խաթարում է փոխհարաբերությունները շրջապատի հետ: Այս զգացումը անձին զրկում է հնարավորությունից՝ տեսնել իր ձախողումների իրական պատճառները եւ կառուցողական եղանակով շտկման հնարավորությունները: Մարդիկ հակված են լինում խնդիրը տեսնել իրենց անձից դուրս եւ համարում են այս աշխարհը անարդար եւ որ ամեն ինչ կարծես դասավորված է ի հակառակ իրենց: Իրենց հայացքներով վատատես են, ովքեր ունակ չեն ընկալելու դրական իրադարձությունները, ելքի հնարավորությունները: Իրենց ընկալմամբ՝ վայելում են բոլորը, երջանիկ են բոլորը, բացի իրենցից, միեւնույն ժամանակ համարում են, որ այդ բոլորը սրիկաներ են եւ արժանացել են նրան, ինչին չպետք է արժանանային: Չարության զգացումը մի դեպքում անձին դրդում է պասիվության, անձը ներփակվում է իր եսի մեջ, մեկուսանում շփումներից եւ միջավայրից, զրկվում է գործելու մոտիվացիայից, վրա է հասնում խորը տառապանքը եւ անկարողությունը: Մյուս դեպքում՝ անձը ակտիվ է, ներգրավվում է հարաբերությունների մեջ, իրականացնում է գործունեություններ, որտեղ թաքնված մոտիվացիան դառնում է վնաս հասցնելը, վրեժ լուծելը, ագրեսիվ, պլանավորված վարք ցուցաբերելը»,- նշում է հոգեբանը:

Լիլիթ Խաչատրյանի ձեւակերպմամբ, չարության զգացումը մարդուն զրկում է առաջ շարժվելու հնարավորությունից, քանի որ բացասական հուզականության ազդեցության տակ մարդը ունակ չէ ճիշտ եզրահանգումներ անելու, կառուցողական ձեւեր մշակելու եւ հետեւաբար՝ ինչպիսին իր ապրումն է ու սպասումը, դա էլ ստանում է կյանքից, որից հետո նորից է մեղադրում եւ տառապում, շարունակաբար նույն շղթան կրկնվում է, մինչեւ շղթան որեւէ կետում կտրվում է, որից հետո նոր մարդը հնարավորություն է ունենում նոր ձեւով ապրել իր կյանքը: Սովորաբար այդ շղթան կտրվում է հոգեբանի միջամտությամբ:
Ի վերջո, ինչպե՞ս հաղթել քո ներսի չարին: Հոգեբանը կոչ է անում զարգացնել «ես եմ դրականը եւ լավը» ներքին միտքը՝ ընդունելով, որ նույնիսկ ամենաբացասական իրավիճակը ուղղակի փորձություն է, որը հնարավոր է հաղթահարել, հետագայում ավելի խելամիտ որոշումներ կայացնել: «Հարկ է կիրառել ամենատարրական մեթոդը՝ փորձել կենտրոնանալ օրվա ընթացքում միայն դրական զգացողությունների վրա, օրինակ՝ երբ ուրախացա, ինչը իմ մեջ հանգստություն եւ խաղաղության կամ ինքնավստահության զգացում առաջացրեց, իսկ օրվա վերջին պարգեւատրել ինքն իրեն՝ դրա համար: Եվ ամենակարեւորը՝ պետք է ինքնագնահատականը եւ ինքնավստահությունը բարձրացնել, ընդունել, որ դու ես քո կյանքի տերը եւ այն քո ձեռքերում է, ինչպիսին քո ցանկությունն ու կարողությունն է, այնպիսին քո կյանքն է, միշտ դու ես ընտրողը»,- եզրափակեց հոգեբանը:

 
ՀԱՍՄԻԿ ԶԱՔԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031