ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գիրք տասնութերորդ
Գլուխ երեսունչորսերորդ
Կարդացեք նաև
ԲԱՐՁՐ ԵՎ ՑԱԾՐ ՀԱՐԿԵՐ
Եվ Վարուժը ժպտալով հարցրեց՝ «ասում ես՝ էս մեր հարկերը ոտով հաղթահարելը դժվա՞ր էր», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «մանավանդ՝ պիվեքով ու սարդելկեքով», եւ Վարուժը ժպտալով ասաց՝ «հերիք չի՞ էդ պիվեքն ու սարդելկեքն էրեսով տաս», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «իրավունք չունեմ էրեսով տամ», եւ Վարուժը ժպտալով հարցրեց՝ «ինչի՞ իրավունք չունես», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «որովհետեւ հետդ հավասար կերել ու խմել եմ», եւ Վարուժը փռթկացնելով ասաց՝ «բայց ոնց որ դու մի հատ սարդելկա ավել կերար», եւ ես ժպտալով ասացի՝ «չեմ հաշվել», եւ Վարուժը փռթկացնելով ասաց՝ «ես հաշվել եմ», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «կարամ իմ էս վերջին շիշ պիվեն քեզ զիջեմ», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «գիտես, որ խմիչքի հանդեպ առանձնապես սեր չունեմ, դրա համար ես ասում», եւ ես ասացի՝ «ես էլ առանձնապես սեր չունեմ», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դու հատկապես կիսատ նկարների հանդեպ սեր ունես», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «էդ նկարի թեման արդեն փակել ենք», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «նկարի թեման փակել՝ լիֆտի թեման ենք բացել» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «ասում ես՝ Մանսուրյան Տիգրանն իրանց շենքի լիֆտից չի օգտվո՞ւմ», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ասում են», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես լիֆտից չօգտվելու վարիանտ չունեմ», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «Տիգրանն էլ ինքնաթիռից չօգտվելու վարիանտ չունի», եւ Վարուժը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ չունի», եւ ես ասացի՝ «իրեն հազար ու մի երկրներից հրավիրում են», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինձ էլ են հրավիրում», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «համ էլ՝ Տիգրանի աղջիկն Ամերիկայում ա ապրում. Տիգրանը տարվա մեջ առնվազն մի անգամ Ամերիկա՝ աղջկա մոտ ա թռնում», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «չի կարա չթռնի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ես որ աղջկերքիս մի ամիս չտեսնեմ, կարոտից կմեռնեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ամեն մեկն իրա պրոբլեմն ունի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մեկը լիֆտից ա խուսափում, մյուսը՝ ինքնաթիռից», եւ ես ժպտալով ասացի՝ «փաստորեն, կեցությունն ա որոշում գիտակցությունը», եւ Վարուժը հարցրեց՝ «այսինքն», եւ ես ասացի՝ «Տիգրանը քեզ պես որ բարձր հարկում ապրեր, ստիպված ինքն էլ լիֆտից կօգտվեր» եւ մի քիչ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «քո աղջիկն էլ որ արտասահման ամուսնանա, դու էլ ստիպված օդային տրանսպորտից կօգտվես», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «ես հեչ ցամաքային տրանսպորտից չեմ օգտվում. ամեն օր ոտով եմ տնից արվեստանոց գալիս» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ասածիդ մեջ որոշ տրամաբանություն կա» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «քանի որ Տիգրան Մանսուրյանը լիֆտից չի օգտվում, ինքը պիտի վատագույն դեպքում հինգերորդ հարկում ապրեր» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ու քանի որ Վարուժան Վարդանյանն օդային տրանսպորտից օգտվելու սովորություն չունի, իրա աղջկերքը պիտի Հայաստանում ամուսնանան», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով Վարուժին ասացի՝ «ասածիդ մեջ որոշ տրամաբանություն կա», եւ Վարուժը հարցրեց՝ «ինչի՞ որոշ», եւ ես ժպտալով ասացի՝ «Տիգրանը հո մտածված չի աղջկան արտասահմանցու տվել» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «երեւի սիրահարվել՝ ամուսնացել են», եւ Վարուժն ասաց՝ «երեւի Տիգրանի կարծիքը չեն էլ հարցրել», եւ ես ասացի՝ «իմ ծանոթներից շատերը շատ էլ գոհ են, որ իրանց աղջիկն արտասահման ա ամուսնացել», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մարդիկ երջանկությունը տարբեր կերպ են պատկերացնում», եւ ես ասացի՝ «կարծում եմ՝ Տիգրանն էլ դժգոհ չի, մանավանդ որ՝ փեսեն կարգին մարդ ա», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «ի՞նչ գիտես, որ կարգին մարդ ա», եւ ես ասացի՝ «ճանաչում եմ», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «սաղին ճանաչում ես» եւ մի քիչ էլ մտածեց ու լրջանալով նորից ասաց՝ «մարդիկ երջանկությունը տարբեր կերպ են պատկերացնում»:
Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ: