Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր` մայիսի 26-ին, շարունակվեց ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի քննությունը: Նշել էինք, որ գործով որպես տուժող ներգրավված, Հայկազ Բարսեղյանի նախկին ծառայակիցը (նա այլեւս չի սովորում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում-խմբ.)` Տիգրան Դեմիրճյանը, դեպքի հետ կապված որոշակի մանրամասներ էր ներկայացրել:
Նիստի ընդմիջումից հետո նրա հարցաքննությունը շարունակվեց եւ բավականին երկար տեւեց: Երկու կողմի ներկայացուցիչները եւ դատավորը հարցեր ուղղեցին նրան, իսկ ահա 4 ամբաստանյալները հարցեր չունեին:
«Եկել են ննջարան, սպանել Հայկազ Բարսեղյանին եւ տարել»,-դատավորի հարցին ի պատասխան կատարվածն այսպես բնորոշեց Տիգրան Դեմիրճյանը: Նա դատարանին տեղեկացրեց, որ Հայկազ Բարսեղյանի սպանության դեպքից հետո դիմել է ռազմական ոստիկանություն` իր անվտանգությունն ապահովելու համար. «Գուցե զորամասում խնդիրներ եւ բռնկումներ տեղի ունենային, որովհետեւ ես այդ ամենը տեսել եմ…»:
Ամբաստանյալների պաշտպաններից մեկի նկատառմանը, թե չորս ամբաստանյալներն էլ կալանքի տակ են, ի՞նչ կարիք կար նման քայլի դիմելու, Տիգրան Դեմիրճյանն այսպես արձագանքեց. «Նրանք (նկատի ունի ամբաստանյալներին-խմբ.) զորամասում ընկերներ ունեն…հարազատներ ունեն…»:
Կարդացեք նաև
Ամբաստանյալների պաշտպանների հարցերից մեկը հետեւյալն էր. «Ձեր ցուցմունքներից հետեւում է, որ Ձեր աչքի առաջ բռնություններ են գործադրվել Ձեր ընկերոջ` Հայկազ Բարսեղյանի հանդեպ, իսկ Դուք ծվարել եք ծածկոցի տակ եւ ոչ մի գործողություն չեք ձեռնարկել: Վաղը մյուս օրը մարտի դաշտում ի՞նչ եք անելու»: Դատավորի որոշմամբ այս հարցը հանվեց:
Հատկանշական է, որ ամբաստանյալների պաշտպանները պարբերաբար շեշտում էին Տիգրան Դեմիրճյանի` Հայկազ Բարսեղյանի ընկերը լինելու, սակայն Բարսեղյանի հետ կատարվածին չարձագանքելու հանգամանքը: Տիգրան Դեմիրճյանն էլ քանիցս կրկնեց, որ վախեցած է եղել, շոկի մեջ է գտնվել, այդ պատճառով ոչինչ չի ձեռնարկել:
Ամբաստանյալների պաշտպաններից մեկն էլ այսպիսի արտահայտություն արեց` «շոկի մեջ էլ կապրես», ինչից հետո դատավորը պաշտպանի հանդեպ «սանկցիա» կիրառեց` տուժողին հարցեր տալու փոխարեն անձնական նկատառումներ անելու համար:
Ամբաստանյալների մյուս պաշտպանների հարցերին ի պատասխան` Տիգրան Դեմիրճյանը մանրամասնեց, թե դեպքի օրը ննջարանում գործով մեղադրյալներն ինչ գործողություններ են կատարել. «Նորիկ Սահակյանը եւ Գնել Թեւոսյանը կանգնել էին Հայկազի գլխավերեւում, Հայկազն անկանոն շարժումներ էր անում, հայհոյում, իմ կարծիքով` փակել էին նրա բերանը, որովհետեւ հետո էլ ձայն չհանեց, Մովսես Ազարյանն էլ Հայկազի ոտքերից էր բռնել, Վաչե Սահակյանը` ծնկամասից քիչ վերեւ»:
«Ամբաստանյալները Հայկազ Բարսեղյանին սպանելու շարժառիթներ ունեի՞ն»,- հարցրեց ամբաստանյալներից մեկի պաշտպանը:
«Չգիտեմ»,- պատասխանեց Տիգրան Դեմիրճյանը:
Նշենք, որ Տիգրան Դեմիրճյանը գործով որպես տուժող է ներգրավված, քանի որ կոնֆլիկտ է ունեցել ամբաստանյալներից Մովսես Ազարյանի հետ: Դեմիրճյանը նաեւ ասաց, որ Հայկազ Բարսեղյանի` իր բնորոշմամբ` սպանության դեպքից հետո առողջական խնդիրներ է ունեցել, դիմել հոգեբույժի օգնությանը, քանի որ նյարդային խնդիրներ է ունեցել եւ դժվարացել է վարժ խոսել:
Տեղեկացնենք, որ նիստի սկզբում դատավորին ներկայացվեցին դեպքի օրը Հայկազ Բարսեղյանին հագին եղած սպորտային կոշիկները եւ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված մեկ շիշ: Մեղադրող կողմը հայտնեց, որ դրանք ուղարկվել են փորձաքննության, սակայն այս պահին չունեն իրեղեն ապացույցի կարգավիճակ: Դատավորն ասաց, որ այդ առարկաներին իրեղեն ապացույցի կարգավիճակ տալու հարցը կքննարկվի հետագայում:
Դատարանի որոշմամբ` հաջորդ դատական նիստի ընթացքում կհրապարակվի Տիգրան Դեմիրճյանի նախաքննական ցուցմունքը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ