Ջեբրայիլում նահատակված գյումրեցի 33-ամյա փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի դուստրը՝ 9-ամյա Աստղիկը, երազում է սնայպեր դառնալու մասին: Այսօր Գյումրու թիվ 9-րդ դպրոցում Ալեքսան Առաքելյանի անվան դասասենյակ բացելիս ու հերոսին մեծարելիս՝ այս մասին հայտնեց Շիրակի թեմի հոգեւոր հայրերից մեկը՝ Տեր Նշանը: 9-ամյա Աստղիկն իր երազանքի մասին կիսվել էր վերջինիս հետ:
Մեզ հետ զրույցում էլ Աստղիկն ասաց, որ իր հերոս հայրիկի սիրած գործն է շարունակելու, երբ մեծանա, անպայման զինվորական է դառնալու: Այսօր Աստղիկի պատվին հանել էին դպրոցի զենքը: Փոքրիկ աղջիկն այն հպարտորեն գցել էր ուսին:
Կարդացեք նաև
Աստղիկն ասաց, որ շատ է սիրում հայրիկի շորերը հագնել, հիմա էլ հայրիկի գլխարկը դրած՝ ման է գալիս: Իսկ երբ մի անգամ հագել է հոր համազգեստը, Ալեքսան Առաքելյանը շատ է զայրացել՝ ասելով, դուք ի՞նչ գործ ունեք իմ շորերի հետ, գիտեք ես ինչքան եմ ծառայել, որ այս աստղերը ստացել եմ:
«Եղբորս հրացան էին բերել, մի թել անցկացրեցի, հեռուստացույցով «Սահմանին» էի նայում ու այդպես կրակում էի թուրքերին»,- պատմում է փոքրիկը: Այս մասին խոսելիս աչքերը փայլում են:
Ալեքսան Առաքելյանի դասղեկը ՝ Ռուզաննա Շահվալադյանն էլ հետաքրքիր հիշողություններ ուներ կապված Ալեքսանի հետ: «Ալեքսանը սիրում էր առաջինը լիներ, մի բան ասեիր, երկրորդ անգամ այլեւս կրկնել չկար: Ինքը բարձրահասակ էր, նստում էր առաջին նստարանին, որ ասում էի՝ Ալիկ ջան, վերջը նստի, ասում էր՝ չէ, ես ձեր կողքը պիտի նստեմ: Վերջին զանգին ասաց, որ ես կավարտեմ, հետ կգամ նախարար դարձած, ինքը իրեն պատկերացնում էր միայն ռազմական ոլորտում»,- հիշում է դասղեկը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ