«Դրա մասին բազմիցս խոսել են Հայաստանի պետական այրերը եւ մասնավորապես նրանք, ովքեր անմիջական մասնակցել են բանակցություններին»,- խորհրդարանում. Aravot.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը: Մոսկվայում, հայաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՌԴ ԱԳՆ ԱՊՀ-ի բաժնի տնօրեն Ալեքսեյ Պավլովսկին դեկլարատիվ էր բնութագրել հայաստանյան պաշտոնյաների հայտարարությունները`ԼՂՀ-ի բանակցությունների սեղանին վերադառնալու մասին`ասելով. «Հասկանալի է, որ Երեւանը հավանաբար ցանկալի կհամարեր, դա ակնհայտ է, բայց ձեւակերպո՞ւմ է դա իբրեւ բանակցային պահանջ, մի փոքր այլ մակարդակ է»:
ՀՀ փոխարտգործնախարարը ժպիտով է վերաբերվում ռուս դիվանագետի ասածին: «Նա, ով մաս չի կազմում բուն բանակցային գործընթացին, չի կարող տեղյակ լինել, թե ի՞նչ է քննարկվում բանակցությունների ընթացքում»,- ասաց Կարեն Նազարյանը:
ԼՂՀ մասնակցության թեմայով, հիշեցնենք, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ ավելի վաղ հայտարարել էր, որ աշխատանքային բոլոր փաստաթղթերում առկա է բանակցություններում Լեռնային Ղարաբաղի մասնակցության մասին կետ:
Փոխարտգործնախարար Կարեն Նազարյանն ասաց, որ Հայաստանը Մինսկի խմբի համանախագահների հետ անում է ամեն ինչ՝ կյանքի կոչելու համար Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները, սակայն, պայմանավորվածություններն իրականացնելու ժամկետների վերաբերյալ դեռևս հստակություն չկա:
Կարդացեք նաև
Պատասխանելով հարցին`եթե գործընթացում առաջխաղացում չլինի, հնարավո՞ր է, որ հունիսին նախագահների հանդիպում չկայանա, Կարեն Նազարյանը պատասխանեց. «Չեմ ուզում հավատալ, որովհետև որքանով ես եմ տեղյակ, պայմանավորվածությունը հստակ է, կողմերը տվել են իրենց համաձայնությունը: Մի բան է, որ Ադրբեջանը հիմա փորձում է հետ կանգնել կամ ձևացնել, որ չկան նման պայմանավորվածություններ, բայց նման պայմանավորվածություններ ձեռք են բերվել»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ