ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը դուրս է եկել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմից: «Դա իմ անձնական որոշումն է եւ ոչ՝ ԲՀԿ-ինը և վստահ եմ, որ ինձ փոխարինողն ավելի լավ կաշխատի: ԲՀԿ-ի հետ որեւէ խնդիր չունեմ, չեմ ունեցել, դա իմ անձնական որոշումն է եղել, որևէ մեկը ինձ չի ասել, խնդրել կամ ստիպել: Նման քննարկում ընդհանրապես չի եղել, առավելևս՝ ԲՀԿ որևէ անդամի հետ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պարզաբանեց պատգամավորը:
Հիշեցնենք, երբ ՀՅԴ-ն կոալիցիա էր կազմում ՀՀԿ-ի հետ, ԲՀԿ-ում եւս կրքերը թեժացան: Իշխանական կոալիցիա մտնելու ամենաեռանդուն ջատագովներից մեկը Վահան Բաբայանն էր: Իր ցանկությունների տապալումից հետո, Վահան Բաբայանը դուրս եկավ ԲՀԿ-ից: Այժմ ՀՀԿ-ամերձ կուսակցություն է ստեղծում:
Վահան Բաբայանին ԵԽԽՎ պատվիրակության կազմում կփոխարինի Միքայել Մելքումյանը: «ԵԽԽՎ հարթակը լրջագույն դիվանագիտական հարթակ է, որը ենթադրում եւ պահանջում է լրջագույն մասնակցություն այդ գործընթացում, ես որոշեցի հրաժարական ներկայացնել»,- ասաց պատգամավորը՝ հավաստիացնելով, որ ինքն այս պահին զբաղված է կուսակցաշինությամբ եւ չի կարող Հայաստանից դուրս լինել, ներսում աշխատանքներ իրականացնել:
«Ես գտնում եմ, որ յուրաքանչյուր պատգամավոր պետք է զբաղվի նրանով, ինչով կարող է: Իսկ ես վստահ եմ՝ ով ինձ կփոխարինի ավելի արդյունավետ աշխատանք կկատարի՝ այնտեղ ներկայացնելով մեր երկիրը: Ես ինձ տեսնում եմ քաղաքական կուսակցաշինության գործում»,- ասաց նա:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ