Երեկ ՀՀ-ում ԵՄ դեսպանը հայտարարել էր, որ ԵՄ-ՀՀ նոր պայմանագրի շուրջ քննարկումներում հայկական կողմից հարուցած ինչ-ինչ խոչընդոտներ կան: Այսօր խորհրդարանում շարունակվող 2015 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանին հարց ուղղեց այդ մասին:
«Չգիտեմ ինչ բարդությունների մասին է խոսում պարոն Սվիտալսկին, որովհետեւ բնական է, որ բանակցային գործընթացում կարող են լինել տարբերակված մոտեցումներ ու մեկնաբանություններ այս կամ այն դրույթի վերաբերյալ: Չեմ կարող բացառել, որ առհասարակ նման հայտարարությունները կարող են բանակցություններին օգտակար լինել, որովհետեւ առեղծվածային ոչինչ չկա, բանակցությունների ավարտից անմիջապես հետո փաստաթուղթը կլինի հանրային սեփականություն, կդրվի կայքում եւ բոլորը կարող են ծանոթանալ»,-ասաց Կարեն Նազարյանը` հավելելով, որ բանակցային փուլերում նաեւ բնական է կողմերի զգուշավորությունը:
Ապա, ի գիտություն ԵՄ դեսպանի` հավելեց. «Վստահ եմ, ինչ խոսում եմ քաջատեղյակ է Սվիտալսիկին: Այս դրույթները ներառված են Արդարադատության Եվրոպական դատարանի իրավագիտությունում, կարծում եմ սրանից կարելի է համապատասխան հետեւություններ անել»:
Պատգամավորի ճշտող հարցին` ՀՀ ԱԳՆ-ն ԵՄ դեսպանին փորձե՞լ է հրավիրել եւ հասկանալ`միգուցե խնդիրներ կան, որոնց արժե անդրադառնալ: Եվ հետաքրքրվեց, թե փոխարտգործնախարարի կանխատեսումներով ի՞նչ ժամկետներում հնարավոր կլինի ստորագրել ՀՀ-ԵՄ նոր պայմանագիրը:
Կարդացեք նաև
Կարեն Նազարյանն ասաց, որ դեսպանի հետ զրուցելու, մտահոգությունները հասկանալու առիթներ դեռ կլինեն: Հայտարարությունը, հիշեցնենք, երեկ է եղել:
Փոխնախարարը նաեւ հավելեց, որ դեսպան Սվիտալսկին ոչ բոլոր բանակցային հանդիպումներին է մասնակցել. «Գուցե նրա բացակայությունն է պատճառ հանդիսացել նման մեկնաբանության: Չէի ցանկանա ավելին ասել: Վերջիվերջո գործընկեր ենք եւ բանակցային գործընթացում պահպանել փոխվստահության միջավայրը, կարեւոր է համապատասխան հայտարարությունների գալու համար»:
Ինչ վերաբերում է ժամկետներին, Կարեն Նազարյանը հիշեցրեց, որ բանակցությունների մեկնարկի ժամանակ եւ Ֆեդերիկա Մոգերինին, եւ Էդվարդ Նալբանդյանը հայտարարել են` հստակ ժամկետներ չի դրվում՝ ճնշում չգործելու համար բանակցային թիմերի վրա: Բայց նշեց, որ խոսքը գնում է խելամիտ ժամկետներում ավարտելու մասին. «Ամեն ինչ կախված կլինի բանակցությունների դինամիկայից»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ