Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Պարոն Նալբանդյան, ճառ եք ասում եւ ահագին ձանձրալի». (Տեսանյութ)

Մայիս 26,2016 18:17

«Իհարկե, կարող են լինել հարցեր, ինչպես երեկ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Սվիտալսկին ասաց, որ կան բարդություններ… Բանակցությունների ժամանակ լինում են խնդիրներ, բարդություններ, որոնք բանակցող կողմերը պետք է փորձեն լուծել, բայց բանակցությունների ընթացքում չի եղել, որ կողմերից մեկը նման բան հայտարարի: Եթե Սվիտալսկին կարծում է, որ սա ճնշման ձեւ է, սխալվում է: Մենք վարում ենք լավ բանակցություններ, մենք գոհ ենք երեք փուլերից, որոնք անցկացվել են: Ժամկետներ չեն դրվել: Բանակցություններից առաջ չենք կարող ասել, թե երբ կավարտվեն դրանք: Բայց մենք կանենք հնարավորինը, որ կարճ ժամկետներում ավարտվեն»,- այսօր խորհրդարանում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը` հակադարձելով ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին:

Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ Հայաստան-ԵՄ բանակցությունների 3 փուլ է կայացել: Պատգամավորը նախատել էր`մի քանի տարի ԵՄ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցեցիք, մի քանի ժամում ԵԱՏՄ-ին անդամակցեցիք:

«Այն, ինչ բանակցում էինք ԵՄ-ի հետ, կրկնում եմ՝ մենք պատրաստ էինք բանակցված մասով կնքել համապատասխան համաձայնագիր: Խոսքը գնում է նրա մասին, որ ԵՏՄ-ին չենք կարողանա անդամակցել, քանի որ չունենք սահմաններ եւ այլն: Սակայն աշխատանքային խումբը եկավ եզրակացության, որ չնայած խոչընդոտներին, միևնույն է, ՀՀ-ն կարող է անդամ դառնալ: Մենք բազմիցս հայտարարել էինք, և բոլորը գիտեին այն մասին, որ ՀՀ-ն կցանկանար լինել ԵՏՄ անդամ, բայց չէր կարողանում, և մենք հայտարարեցինք, որ սկսում ենք ԵՄ-ի հետ բանակցությունները: Ես Բրյուսելում հայտարարեցի, որ բանակցված մասով և ԵՏՄ-ին չխանգարող դրույթներով մենք պատրաստ ենք ստորագրել համաձայնագիրը»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:

ԱԳ նախարարը չհամաձայնեց նաեւ պատգամավորի այն դիտարկումների հետ, թե Հայաստանը համաձայնում է առանց Արցախի բանակցություններ վարել: «Բոլոր աշխատանքային փաստաթղթերում, որոնք մինչ այսօր քննարկվել են եւ դրվել են Վիեննայում` ի պահ գլխավոր քարտուղարության գրասենյակում, կա կետը, որ ԼՂՀ-ն պետք է ներգրավված լինի բանակցություններում: Առանց ԼՂՀ անհնար կլինի որևէ փաստաթղթի մշակում»,- ասաց նա:

Մանրամասները` տեսանյութում

Անդրադառնալով 200 միլիոն դոլարին համարժեք զենք գնելուն եւ զենքի որակին էլ, նախարարն ասաց, որ կան համապատասխան մարմիններ եւ կառույցներ, որոնք այդ գործընթացն ուղղորդում են:

«Իրականում Դուք ոչ թե իմ հարցին պատասխանեցիք, այլ ելույթ ունեցաք: Ճառ արտասանեցիք, ընդ որում ահագին ձանձրալի էր եւ թեմայի հետ կապ չունեցող»,- նախարարին արձագանքեց Նիկոլ Փաշինյանը`հավելելով, որ Ադրբեջանի գործողություններին Հայաստանը հայտարարություններ է հակադրել ու հեգնեց`«Շատ կարեւոր հայտարարություններ, շատ տպավորիչ ազգանուններով`ասենք, Ֆոն-Մայերբախն այսինչն է հայտարարել, այնինչն է հայտարարել: Խնդիրն այն է, որ երբ այդ հայտարարությունները չեն ազդում, Ռամիլ Սաֆարովից հետո մենք գլխատված զինվորներ ունենք»:

Նա կրկին հետաքրքրվեց`800 հա կորսված տարածքի եւ 94 զոհի առկայության պարագայում որո՞նք են իշխանության պատկերացրած լայնամասշտաբ գործողությունները, որից հետո ԼՂՀ-ն կճանաչվի, ինչի մասին հայտարարվել է քանիցս:

Մանրամասներըտեսանյութում

«Դուք ի՞նչ եք առաջարկում, մենք էլ երկու ինքնաթի՞ռ խփեինք»,- հակադարձեց Էդվարդ Նալբանդյանը`հավելելով, որ ԼՂՀ-ի բանակցությունների վերադարձի մասին ինքն անգամ կոնֆիդենցիալ տեղեկություն հրապարակեց այն մասին, որ բոլոր աշխատանքային փաստաթղթերում ներկա է ԼՂՀ-ի մասնակցության դրույթը: «Երբ մամուլը չի լինում, մենք ձեզ հետ շատ կառուցողական երկխոսություն ենք տանում: Հենց որ մամուլը ներկա է, շատ տարօրինակ խոսակցություններ եք վարում»,- նկատեց Էդվարդ Նալբանդյանը:

Ավելի ուշ, Նիկոլ Փաշինյանը վրդովվեց. «էդ ե՞րբ եւ որտե՞ղ ենք ունեցել կառուցողական երկխոսություն»: «Այստեղ, խորհրդարանում»,- պատասխանեց Նալբանդյանը: «Դե լավ էլի…»,- եղավ Նիկոլ Փաշինյանի արձագանքը:

Արտակ Զաքարյանն էլ հավելեց, որ հայկական կողմը ադրբեջանական երկու ինքնաթիռ իրենց անձնակազմով ոչնչացրել է եւ եթե Նիկոլ Փաշինյանն այդպես է արձագանքը պատկերացնում`արդյունք կա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031