Լրագրողները Փայլակ Հայրապետյանից հետաքրքրվեցին, թե իր կարծիքով, եթե հնչեղություն ստացած «Օֆշորի գործը» լուծում ստանար, հնարավո՞ր է՝ կանխվեին կամ այլընտրանքային լուծում ստանային օֆշորային հետագա զարգացումները:
Փայլակ Հայրապետյանը պատասխանեց, որ ծանոթացել է հրապարակված ցուցակին, եւ համարում է, որ օֆշորի բոլոր գործերը կբացահայտվեն. «Չեմ կարծում, որ մեր գործի լուծում ստանալը կկանխեր հետագա զարգացումները: Ամբողջ աշխարհով մեկ օֆշորների մասին մեծ խոսակցություններ են գնում: Բոլոր գումարները գնում են օֆշորային գոտի, ինձ թվում է՝ հարկերը չեն վճարվում, եթե վճարվում են՝ ցածր գումարներ են վճարում: Ինձ թվում է պետության համար ձեռնտու չեն օֆշորային գոտիները, այնտեղ թաքցնում են հնարավորությունները, գումարները»:
Հիշեցնենք՝ Հետաքննող լրագրողների միջազգային ընկերակցությունը հրապարակել է «Պանամական փաստաթղթերի» առցանց տվյալների որոնելի բազա, որը պարունակում է ավելի քան 320,000 անձանց եւ օֆշորային ընկերությունների տվյալներ, ընդհանուր առմամբ՝ 11.5 միլիոն փաստաթուղթ: Այդ անձանցից 37-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, նրանց շարքում էր նաեւ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը, որը փաստաթղթերի հրապարակումից հետո հրաժարական տվեց:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ