ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան դրական են գնահատում և կարևորում են Հայաստանում անցկացված ՀԱՊԿ ոստիկանական ուժերի «Կոբալտ-2016» զորավարժությունները: Զորավարժություններից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ որպես ոստիկանապետ չի կարող բարձր գնահատական տալ, քանի որ տեսնում է՝ անելիքներ շատ կան: «Որպես ոստիկանապետ չեմ կարող գնահատականը բարձր դնել: Կարող եմ ասել, որ բավարար էր՝ գումարածով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Գասպարյանը:
Նա ընդգծեց, որ Հայաստանի ոստիկանության ստորաբաժանումների հմտությունների կատարելագործումը պետք է տեսնել զարգացման դինամիկայի հետ: «Մեր ոստիկաններն այս տարի ավելի լավն էին, քան անցյալ տարի, անցյալ տարի ավելի լավն էին, քան նախանցյալ տարի: Ես կարծում եմ, որ այս դրական դինամիկան կպահպանվի: Երբ շփվում ես այլ երկրների հատուկ ծառայությունների հետ, և տալու, և վերցնելու բաներ ունես, սովորելու և սովորեցնելու բաներ ունես: Ես կարծում եմ, որ այս առումով մեր տղաները շատ դրական իմպուլս ստացան: Այս քանի օրերի աշխատանքը ցույց տվեց, որ մենք ոչ միայն սովորելու, այլ նաև տալու բաներ ունենք»,- ընդգծեց ՀՀ ոստիկանապետը:
Ոստիկանապետը հավելեց, որ կան իրավիճակներ, երբ ՀՀ ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումները բարձր պատրաստվածություն են ցուցաբերում, տեղեր էլ կան, որ սովորելու բաներ ունեն: «Մեր հատուկ ծառայությունները ցույց տվեցին, որ մենք համարյա հավասար մակարդակի վրա աշխատում ենք: Կարծում եմ, որ կան իրավիճակներ, որտեղ մենք ավելի լավն ենք: Մենք այստեղ չենք ցուցադրել այն, ինչ կարող էինք, մենք ցուցադրել ենք այն, ինչ պետք է ցույց տայինք: Մեր տղաները ոչ միայն հոգեբանորեն, այլ նաև ֆիզիկապես շատ լավ պատրաստված են: Ես հպարտանում եմ այդ տղաներով»,- հավելեց Գասպարյանը:
Նրա խոսքով՝ միջազգային ահաբեկչությունը մշտական սպառնալիք է հանդիսանում բոլոր երկրների համար, ուստի հարկավոր է պատրաստ լինել ցանկացած պահի այդ սպառնալիքին դիմակայելու համար: «Ահաբեկչությունից ոչ մեկ պաշտպանված չէ: Մարտահրավերները հիմա շատ են՝ տնտեսական, ֆինանսական, քաղաքական: Այս ամենը, եթե մեզ չի առնչվում, վաղը կարող է առնչվել: Դրա համար ես կարծում եմ, որ մեր հատուկ ստորաբաժանումները պետք է պատրաստ լինեն վաղվա հնարավոր մարտահրավերներին դիմակայելու: Ցանկանում ես խաղաղություն, միշտ պատրաստ եղիր պատերազմի»,- եզրափակեց Գասպարյանը:
Կարդացեք նաև
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան էլ այն կարծիքին է, որ շատ կարևոր նշանակություն ուներ ՀԱՊԿ անդամ երկրների հատուկ նշանակության ջոկատների համատեղ գործունեության կառավարման մեխանիզմների մշակումը: «Սա շատ կարևոր էր այն առումով, որ մենք կարողանանք ապահովել համատեղ օպերատիվ կապը, սպառազինությունը, կառավարման միասնական համակարգը, որպեսզի հնարավոր լինի խուսափել մեծ զոհերից և, որ ամենագլխավորն է, արդյունավետ կատարել առաջադրանքը: Մենք այս առումով ստացանք շատ կարևոր քննական նյութեր: Ես կարծում եմ, որ զորավարժությունները հաջող են անցել: Ցանկանում եմ ընդգծել նաև Հայաստանի ոստիկանության ղեկավարության կազմակերպչական բարձր մակարդակի աշխատանքները՝սկսած պատվիրակություններին դիմավորելուց, վերջացրած զորավարժարանում ուժային ստորաբաժանումներին տեղավորելուց: Շնորհակալ եմ հյուրընկալության և ամեն ինչ բարձր մակարդակով կազմակերպելու համար»,- ասաց նա:
Հայաստանի «Բաղրամյան» զորավարժարանում մայիսի 26-ին տեղի ունեցավ ՀԱՊԿ ոստիկանական ուժերի «Կոբալտ-2016» զորավարժության ակտիվ և եզրափակիչ փուլը: Զորավարժության ավարտից հետո աչքի ընկած ծառայողները ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ ոստիկանապետի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հրամաններով պարգևատրվեցին: Միջոցառման ավարտին ՀՀ ոստիկանության հատուկ նշանակության ջոկատայինները և ներքին զորքերի ծառայողները հանդես եկան ցուցադրական վարժանքներով: