Սիրելի՛ շրջանավարտներ,
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները դպրոցական Վերջին դասի կապակցությամբ:
Ձեզ համար օրվա գլխավոր խորհուրդը ոչ միայն դպրոցական տարիների ավարտն է, այլև կյանքի առավել պատասխանատու փուլի մեկնարկը: Դուք թևակոխում եք մասնագիտության ընտրության և կյանքի ապագա ճանապարհն ուրվագծելու կարևոր ժամանակահատված, որը պահանջում է լինել առավել հավասարակշռված և հաստատակամ, նպատակասլաց ու բանիմաց:
Այսօր դուք հրաժեշտ եք տալիս հարազատ դարձած կրթօջախին, որտեղ տարիներ շարունակ կրթվել եք, ստացել գիտելիքներ ձեզ շրջապատող աշխարհի մասին, ճանաչել բարին ու լուսավորը: Այստեղ են ձևավորվել ընկերական այն հարաբերությունները, որոնց անաղարտությունն ուղեկցելու է ձեզ ողջ կյանքի ընթացքում:
Կարդացեք նաև
Սիրելի շրջանավարտներ, ցանկանում եմ, որ իրականություն դառնան ձեր նվիրական բոլոր երազանքները և դուք աներեր քայլեք ընտրած ճանապարհով` դառնալով մեր պետության և ժողովրդի ամուր հենասյունը:
Հարգելի ուսուցիչներ, այս օրը խիստ հուզիչ է նաև ձեզ համար: Տարիներ շարունակ կրթած ու դաստիարակած հերթական սերունդ եք ճանապարհում կյանք` նրանց պատգամելով հավատարիմ մնալ ազգային արժեքներին և գաղափարներին:
Հայրենիքի և մեր ազգային իղձերի նկատմամբ սերն ու վերաբերմունքը, որոնք ծնողական հոգատարությամբ ու համբերությամբ դուք սերմանում եք տարիների ընթացքում, իրենց պտուղներ են տալիս ապագայում: Առհավատչյան այս օրերին սահմանը պահող զինվորն է՝ հայի անկոտրում ոգով, անսահման հայրենասիրությամբ ու սեփական հողը պաշտպանող հերոսի գիտակցությամբ:
Համոզված եմ, որ մեր այսօրվա շրջանավարտները ևս հպարտանալու բազում պահեր են պարգևելու իրենց ուսուցիչներին ու ծնողներին և դառնալու են մեր անկախ պետության հիմքերն ամրապնդող, կիրթ ու բանիմաց, օրինակելի քաղաքացիներ:
Ուսումնառության Վերջին դասի կապակցությամբ շնորհավորում եմ Հայաստանում, Սփյուռքում, Արցախում և Ջավախքում ապրող մեր բոլոր շրջանավարտներին, ուսուցիչներին ու ծնողներին: Այս հիշարժան ու գեղեցիկ օրը, մաղթում եմ ձեզ տոնական բարձր տրամադրություն, բարօրություն, հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն