Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյան. «Պարոն Փաշինյան, ոչ թե հարց տվեցիք, այլ ելույթ ունեցաք». (Տեսանյութ)

Մայիս 26,2016 17:42

Խորհրդարանում շարունակվող 2015 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մեկ տասնյակի հասնող դիտարկումներ արեց եւ հարց ուղղեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին:

Հարցերն այսպիսին էին` կարծիքներ, որ ապրիլյան պատերազմը նաեւ ՀՀ իշխանությունների վարած անհետևողական եւ երբեմն անկանոն քաղաքականության արդյունք էր: Իբրեւ հիմնավորում՝ Նիկոլ Փաշինյանը հետեւյալ դիտարկումներն արեց. «Մասնավորապես, երբ Ռամիլ Սաֆարովն ազատ արձակվեց, մենք հիշում ենք, որ Սերժ Սարգսյանը Անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց, սակայն փաստն այն է, որ հանրության մոտ կա տեսակետ, որ այս գործին հայկական կողմը համարժեք արձագանք չտվեց: Հաջորդը՝ մի քանի տարի բանակցել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր կնքելու շուրջ եւ դառնալ ԵՏՄ անդամ` պատճառաբանելով, որ դա պայմանավորված է ՀՀ անվտանգության խնդիրներով: Մենք տեսանք, որ անվտանգության ենթադրյալ խնդիրը ոչ միայն չի լուծվել, այլ այդ որոշման արդյունքում ավելի է սրվել: 2014-ին հայկական ուղղաթիռի խոցումը շփման գծում. ասվեց, որ հայկական կողմը համարժեք պատասխան կտա, ինչը մինչ օրս չենք տեսել»:

Նիկոլ Փաշինյանը շարունակեց, որ Հայաստանը շարունակում է հետեւողականորեն բանակցել Ադրբեջանի հետ, մինչդեռ քանիցս հայտարարություններ հնչեցին ԼՂՀ-ի`բանակցությունների սեղանին վերադարձի մասին: «ԱԳՆ ներկայացուցիչներն այս հարցին շատ տարօրինակ պատասխան են տալիս՝ ասում են, թե Ադրբեջանը չի համաձայնվում բանակցել Ղարաբաղի հետ այս ֆորմատով: Ստացվում է, որ այս հարցում ՀՀ-ն պաշտոնական դիրքորոշում է հայտնում Ադրբեջանի դիրքորոշման համաձայն: Հաջորդը Սարսանգի ջրամբարի հետ կապված ԵԽԽՎ բանաձեւին է վերաբերում, քանի որ, ըստ էության, ՀՀ պատկան մարմինները միայն վերջին ամսվա ընթացքում գլխի ընկան, թե դա ինչ վտանգներ է պարունակում: Կամ ԵՏՄ կառավարության անդամների հանդիպման ամոթալի չեղարկումը Երեւանում: ՀՀ-ն կրկին հարմարվողական դիրք ունեցավ: Դուք եւ Սերժ Սարգսյանը բազմիցս հայտարարել եք, որ ռազմական գործողությունների ծավալման դեպքում ՀՀ-ն կճանաչի ԼՂՀ անկախությունը, սակայն ապրիլյան քառօրյա պատերազմին եղավ 94 զոհ եւ ձեր իսկ խոստովանությամբ ՝ 800 հեկտար տարածքի կորուստ: Ես ցանկանում եմ հասկանալ՝ մեր իշխանության լայնածավալության մասին պատկերացումն ինչպիսի՞ն է: Այսինքն՝ ի՞նչ պետք է լիներ, որ դա գնահատվեր որպես լայնածավալ: Ի վերջո, մինչև հիմա 200 միլիոն վարկի դիմաց նախատեսված զենքը դեռևս Հայաստանը չի ստացել, էլ չեմ խոսում այն մասին, թե ինչ որակի զենք է տրամադրվելու Հայաստանին»:

Էդվարդ Նալբանդյանը չդիմացավ. «Պարոն Փաշինյան, ոչ թե հարց տվեցիք, այլ ելույթ ունեցաք»: Նա բնականաբար համակարծիք չէր պատգամավորի մոտեցման հետ, թե Ադրբեջանն իր դիվանագիտական հաջողությունները փորձեց ամրագրել ռազմի դաշտում: «Պատերազմը սկսում է դիվանագիտության մեջ ձախողված երկիրը, քանի որ եթե դիվանագիտության մեջ հաջողություններ ունի, ապա պատերազմ սկսելու կարիք չունի: Ինչ վերաբերում է Սաֆարովի հետ կապված հարցերին, ասեմ, որ մարդու իրավունքներով զբաղվող բոլոր կառույցները խստորեն դատապարտեցին կամ համապատասխան արձագանք չտվեցին: Ի՞նչ է` Դուք կարծում եք, որ դա էլ է քիչ: Այլ հարց է, որ Ադրբեջանը ոտնահարում է քաղաքակիրթ աշխարհի կողմից ընդունված բոլոր արժեքներն ու սկզբունքները եւ դա միայն Սաֆարովի դեպքի հետ չէ կապված»,- ասաց նախարարը:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031