Այսօր Ստրասբուրգում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի Փախստականների եւ միգրացիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Թոմաս Բոչեկի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են փախստականների եւ ապաստան հայցողների իրավունքների, կոնֆլիկտային իրավիճակներում խոցելի վիճակում հայտնված անձանց պաշտպանությանը, նրանց վերաբերող օրենսդրական ակտերի կատարելագործմանը, այդ ակտերը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելուն առնչվող հարցեր: Ընդ որում, ընդգծվել է հատկապես երեխաների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունն նշված իրավիճակներում:
Արման Թաթոյանը ԵԽ գլխավոր քարտուղարի ներկայացուցչին է ներկայացրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի սահմանադրական նոր կարգավիճակը եւ այդ շրջանակներում որդեգրված առաջնահերթությունները:
Կողմերը կարեւորել են Օմբուդսմանի հաստատության դերը փախստականների իրավունքների պաշտպանության հարցում:
Կարդացեք նաև
Այս առումով, ընդգծվել է միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մոնիտորինգային համապատասխան կարողությունների զարգացման, հատուկ գիտելիքներ ունեցող աշխատողների պատրաստման անհրաժեշտությունը:
Թոմաս Բոչեկը պատրաստակամություն է հայտնել համագործակցել Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ եւ աջակցել փախստականների, ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվելիք ծրագրերին:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ