Ինչպես հայտնի է, Փայլակ Հայրապետյանը «Օֆշորի գործով» միջնորդել է պարտադիր դատաքննության կանչել 12 անձանց, այդ թվում նաեւ Տիգրան Սարգսյանին եւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին:
Նա նշեց, որ բացի միջնորդություն ներկայացնելուց նաեւ նամակ է գրել Հայաստանի Հանրապետության նախագահին, գլխավոր դատախազին: Իր կարծիքով՝ նախկին վարչապետը հրավիրվելու է:
Aravot.am –ի նկատառմանը, թե գործով ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանը պնդում է, որ Տիգրան Սարգսյանը եւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը իրազեկված չեն եղել, Փայլակ Հայրապետյանը պատասխանեց. «Ասելը մի բան է, կատարելը՝ մեկ այլ բան: Ինքը, երբ դատախազին նամակ էր գրել, ասել էր՝ ես եմ կեղծել, կեղծել եմ իմ բիզնեսն ապահովելու համար: Եթե ասենք հանրապետության վարչապետը, հանրապետության երկրորդ կրոնականը պաշտպանում է հանցագործին կամ նրանց «կռիշ են կանգնում», նրանց հանցագործությունը ավելի մեծ է լինում, քան հանցագործինը: Պատկերացնո՞ւմ եք՝ ով ում է պաշտպանում, ինչի համար է պաշտպանում, թո՛ղ գրեր Օբաման է պաշտպանում»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ