Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատվել են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների՝ այլընտրանքային խնամքի տրամադրման նպատակով ուղղորդման կարգը և չափորոշիչները: Ըստ այդմ՝ հստակ կսահմանվեն կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների` այլընտրանքային խնամքի տրամադրման առաջնահերթությունները՝ նախապատվությունը տալով խնամքի ընտանիքահեն կամ ընտանեկանին մոտ ձևերին՝ որդեգրմանը, խնամակալությանը/հոգաբարձությանը, խնամատար ընտանիքին և միայն դրանց անհնարինության դեպքում՝ շուրջօրյա խնամք իրականացնող որևէ հաստատությունում երեխայի տեղավորմանը:
Բացի այդ, երեխայի խնամքի ու պաշտպանության իրավասություն ունեցող մարմինների համար պարտադիր կատարման ենթակա գործառույթ կդառնա կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և նրանց ընտանիքների կյանքի պայմանների համակողմանի և խորը ուսումնասիրությունը և երեխայի համար այլընտրանքային խնամքի բոլոր տեսակների նպատակահարմարության մասին հիմնավոր եզրակացության կազմումը: Արդյունքում՝ հնարավորինս կկանխարգելվի երեխաների մուտքը շուրջօրյա խնամքի հաստատություններ. կիրականացվեն համակողմանի և շարունակական աշխատանքներ՝ շուրջօրյա խնամքի հաստատություններում տեղավորված երեխաներին կենսաբանական ընտանիք վերադարձնելու ուղղությամբ և այլն:
Գործադիրը հաստատել է նաև ՀՀ-ում աշխատող օտարերկրացի մասնակցի պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը նախքան նրա կենսաթոշակային տարիքը մարվելու դեպքում առաջացած միջոցները հօգուտ մասնակցի` օտարերկրյա պետությունում նրա անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգին փոխանցելու կարգը և պայմանները: Հաստատվել է նաև փոխանցում կատարելու համար կարգով սահմանված պայմանների առկայությունը հավաստող տեղեկանք ստանալու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացվող դիմումում նշվող տվյալների կազմը, փաստաթղթերը և ներկայացման կարգը:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ