Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ մայիսի 26-ին շարունակվում էր «Օֆշորի գործի» քննությունը: Դատական նիստի ընթացքում որպես վկա հարցաքննվեցին Ֆինանսների նախարարության աշխատակիցներ Շավարշ Խաչատրյանը եւ Արմեն Մելքոնյանը: Վերջիններս ներկայացրեցին «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի վերաբերյալ իրենց կատարած ֆինանսատնտեսական ստուգման արդյունքները:
Արմեն Մելքոնյանը նշեց, որ որոշ փաստաթղթեր բացակայում էին այդ պատճառով հնարավոր չի եղել ֆինանսատնտեսական ստուգումն ամբողջությամբ իրականացնել: Պատասխանելով Փայլակ Հայրապետյանի պաշտպան Շալիկո Փիրուզյանի հարցին, վկան պատասխանեց, որ ստուգման ընթացքում իրենց հասանելի է եղել միայն մայր պայմանագիրը եւ նույնիսկ բանկի տեղեկատվությունը աղյուսակի միջոցով են ներկայացրել քննիչին: Նա հավելեց, որ բանկն էլ իրենց փաստաթղթեր չի տրամադրել, ինչի մասին հայտնել են քննիչին:
Շալիկո Փիրուզյանը մյուս վկա Շավարշ Խաչատրյանից հետաքրքրվեց, թե իրենք տեղյա՞կ էին՝ արդյոք վարկի գումարը նպատակային է ծախսվել, վկան պատասխանեց, որ նպատակը ներկայացված չի եղել պայմանագրում, ուստի՝ իրենք չեն կարող իմանալ: Նա հավելեց, որ նպատակի մասին նշումներ են եղել անդորրագրում, ինչը, սակայն, հիմք չէ եզրակացություն կատարելու համար:
Կարդացեք նաև
Հարցերին մեծ մասին վկաները կա՛մ իրավասու չէին պատասխանել եւ խնդրում էին կողմին դիմել բանկի աշխատակիցներին, կա՛մ նշում էին, որ իրենց բոլոր փաստաթղթերը չեն տրամադրվել, այդ իսկ պատճառով չեն կարող պատասխանել:
Գործով վկաներից մեկը եւ փորձագետը չէին ներկայացել: Այդ պատճառով դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 2-ին:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ