Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյան. Հունիսին փաստաթուղթ չի ստորագրվի (Տեսանյութ)

Մայիս 26,2016 16:13

Հունիսին կայանալիք ՀՀ եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ որեւէ փաստաթուղթ չի կարող ստորագրվել: Այդ մասին այսօր խորհրդարանում, 2015 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հարցին: Վերջինս, վկայակոչելով միջազգային մամուլը, հարց ուղղեց`Վիեննայում կայացած Սարգսյան-Ալիեւ հանդիպումից հետո, հունիսին սպասվող հանդիպմանը հնարավո՞ր է կողմերի միջեւ ստորագրվի ինչ-որ համաձայնագիր:

Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ Վիեննայում կայացած հանդիպումից հետո եռանախագահող երկրների կողմից հրապարակվել է, թե ինչ են պայմանավորվել կողմերը եւ բացատրեց. «Ադրբեջանը հրաժարվեց միանալ այդ հայտարարությանը, դրա համար էլ եռակողմ եղավ: Այս հայտարարության մեջ շատ հստակ նշված է այն պայմանավորվածությունները, հանձնառությունները, որոնք վերցրել են կողմերը: Այնտեղ հստակ նշվում է 94-95 թվականների եռակողմ անժամկետ զինադադարի պայմանագրի անխտիր իրականացման անհրաժեշտությունը: Նաեւ նշվում է զինադադարի հետաքննման մեխանիզմների ներդրման կարեւորության, համանախագահողի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման մասին, նաեւ ասվում է, որ բանակցությունների հաջորդ փուլը, ըստ պայմանավորվածության, կլինի հունիսին»:

Առաջիկայում կայանալիք հանդիպման վայրը, ժամկետները եւ ձեւաչափը դեռ չի ճշտվել: Նալբանդյանի խոսքով, հունիսի սկզբին նախատեսվում է, որ ԵԱՀԿ համանախագահողների հետ առանձին հանդիպումներ են լինելու Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ. «Միգուցե այդ հանդիպումների ժամանակ շարունակվեն քննարկվել այդ հնարավորությունները երկու կողմից եւ լիակատար իրականացվեն պարտականությունները, որոնք ձեռք են բերվել Վիեննայում: Դա հնարավորություն կտա հարթել ճանապարհը դեպի ապագա բանակցությունների փուլ: Եթե ոչ, ապա հնարավոր է, որ լինի ավելի բարձր մակարդակի հանդիպում: Այս հայտարարության մեջ նշված չէր` ի՞նչ մակարդակի մասին է խոսքը, բայց բացառված չէ, եթե բոլոր պահանջները գտնվեն եւ նախատեսվի այդպիսի հանդիպման հնարավորությունը, ապա կարող է լինել նաեւ այդպիսի հանդիպում»:

Նալբանդյանի խոսքով, այս պահին որևէ ստորագրության մասին խոսելը ոչ միայն վաղաժամ է, այլ նաեւ անիմաստ: «Պարզ է, որ այդ բանակցությունների սկսման համար պետք է համապատասխան պայմաններ ստեղծվեն, դրանք նախապայմաններ չեն, այլ խոսվում է նրա մասին, որ բանակցությունների համար ստեղծվեն համապատասխան պայմաններ»,- ասաց նախարարը:

Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ պետք է ստեղծվի մշտադիտարկման մեխանիզմի հնարավորությունը, ԵԱՀԿ ներկայացուցչի անձնական գրասենյակի կամ իր թիմի կարողությունները ընդլայնվեն, բացառվեն նոր զարգացումները, ինչպիսին եղան ապրիլի սկզբին. «Այս պահին ջանքեր են գործադրվում հենց այս ուղղությամբ»:

Նաիրա Զոհրաբյանը նաեւ հետաքրքրվել էր` ի՞նչ փուլում է ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ ռազմական փոխօգնության համաձայնագիրը: Այն, պարզվում է դեռեւս մշակման փուլում է: Հետագա քայլերը կապված կլինեն ապագա զարգացումներից: Տիկին Զոհրաբյանը տարակուսանք հայտնեց, որ այդ հարցը եւս արժանանում է ԼՂՀ-ի անկախության ճանաչման գործընթացի ճակատագրին: Էդվարդ Նալբանդյանը հակադարձեց. «Ես նույն հարթության վրա չէի դնի դրանք, բայց եւ ասացի այն, ինչ ասացի»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031