ՀՀ վաստակավոր նկարիչ Արարատ Սարգսյանը քանդակագործ Գագիկ Ստեփանյանի հեղինակած՝ Գարեգին Նժդեհի արձանը, որը տեղադրվել է մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանին հարող պուրակում, Aravot.am-ի հետ զրույցում «կարիկատուրա» որակեց, խայտառակ արձան:
«Տպավորությունս այն է, որ այդ քանդակագործը վերջին տարիներին անընդհատ գերեզմանի քանդակներ է արել, ու ինքը ուրիշ մակարդակի չի էլ անելու: Խորհրդային շրջանում գոնե գեղխորհուրդ կար, որը որոշում էր քաղաքում ինչ դնել, ինչ չդնել, հիմա սարսափելի է քանդակների վիճակը Հայաստանում ընդհանրապես, Գյումրիում, Երեւանում…Քանդակներ տեղադրում են այն քանդակագործները, որոնք քանդակել չգիտեն, նույնն էլ Խաչատրյանի արձանն է՝ Խաչատրյան փողոցում…Նման կերպ մտածող մարդիկ կարող են պիջակ հագնել ու Երեւանում ման գալ, բայց քանդակ դնելու իրավունք չունեն: Մեր քաղաքում Ռոդենի արձանն է, Բոտերոյի, մյուսների, ամբողջ Կասկադի պուրակում ֆանտաստիկ քանդակներ կան…Ամոթ չի՞ այդպիսի քանդակ դնելը, կապ չունի՝ ով է հեղինակը»,-ասաց Հայաստանում եւ մեր երկրի սահմաններից դուրս ճանաչում ունեցող արվեստագետը:
Մեր հարցին՝ իսկ ինչպե՞ս է պատահում, որ հենց նման քանդակներ հեղինակող քանդակագործներին են պատվերներ տալիս, Արարատ Սարգսյանը պատասխանեց. «Դե դա իրենց մակարդակն է: Օրինակ, Մեդիչին պատվիրում էր Միքելանջելոյին, Մեդիչիի ու Միքելանջելոյի մակարդակներն իրար «բռնում» էին, այնպես որ՝ Նժդեհի արձան պատվիրողի ու այն քանդակողի մակարդակներն էլ են նույնը: Պատվիրատուի որակից է կախված պատվերի վերջնական արդյունքը»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ