Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյան. այս անգամ ճանաչել ենք եգիպտացի վավերագիրների՝ «Ո՞վ սպանեց հայերին» ֆիլմի հեղինակների և ամերիկահայ գրող Փիթեր Բալաքյանի վաստակը

Մայիս 26,2016 15:17

ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի մրցանակների հանձնման արարողությունը: Մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները՝ համանուն վկայագիրը և դրամական պարգևը, մրցանակակիրներին հանձնել են Նախագահ Սերժ Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ալբերտ Պողոսյանը: Սերժ Սարգսյանը շնորհավորել է մրցանակի արժանացածներին, նոր հաջողություններ մաղթել նրանց հետագա գործունեության ընթացքում:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը պարգևատրման արարողության ժամանակ

 

Ուրախ եմ ձեզ ողջունելու Նախագահի նստավայրում՝ այս կարևոր մրցանակաբաշխությանը ձեր մասնակցության առիթով:

Պողոսյան ընտանիքի օժանդակությամբ մենք շարունակում ենք ամեն տարի հրապարակավ խրախուսել հիմնարար աշխատանքը, մատնացույց անել լուսավորը, մնայունն ու արժեքավորը: Մենք համոզված ենք, որ յուրաքանչյուր լուրջ աշխատանք պետք է ճանաչվի ու գնահատվի: Այս մրցանակի ծրագիրն էլ ստեղծվել և իրականացվել է հենց այդ տրամաբանությամբ:

Արժանավորներին գտնելու և գնահատելու առաքելությունը պետության կարևորագույն գործերից մեկն է: Իսկ դուք, սիրելի՛ մրցանակակիրներ, վստահ եմ, որ կանգ չեք առնելու և չեք բավարարվելու ձեր կատարած աշխատանքով ու ձեռքբերումներով: Իմ միակ ցանկությունն է, որ այս մրցանակը լինի ձեր կատարած աշխատանքի ճանաչման միայն սկիզբը: Հուսով եմ, որ կհաջորդեն ձեր նոր ստեղծագործական թռիչքները, որոնք կարժանանան միջազգային ճանաչման:

Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդնելու անվանակարգում այս անգամ ճանաչել ենք եգիպտացի վավերագիրների՝ «Ո՞վ սպանեց հայերին» ֆիլմի հեղինակների և ամերիկահայ գրող Փիթեր Բալաքյանի վաստակը: Հայ ժողովուրդը երախտապարտ է ձեզ այն վիթխարի աշխատանքի համար, որ դուք կատարել եք: Պարո՛ն Նասրի, տիկի՛ն Զաքի, դուք լավագույնս ապացուցեցիք, որ Հայոց ցեղասպանության հարցը միայն հայ ժողովրդի խնդիրը չէ, այլ մի ցավ է, որը կիսում են ամբողջ աշխարհի բարի կամքի մարդիկ՝ անկախ ազգությունից և կրոնից: Իսկ Փիթեր Բալաքյանն իր երկու՝ ամերիկյան և հայկական ինքնություններով ու անգլերենով ցույց տվեց այդ ցավի գեղարվեստական դրսևորման ուժը:

Խոսքս ամփոփելով՝ անշուշտ պետք է շեշտեմ Պողոսյան ընտանիքի նշանակալի ներդրումն այս ծրագրի իրականացման մեջ: Սա կարևորագույն մի ուղևորություն է, որը մենք միասին ենք սկսել և, իրար նեցուկ կանգնելով, հաջողությամբ շարունակում ենք:

 

***

RA Presidential Award ceremony took place at the RA Presidential Residence

ՀՀ Նախագահի հրամանագրերով, Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց 2015 թվականի մրցանակը շնորհվել է Փիթեր Բալաքյանին (ԱՄՆ)` գեղարվեստական խոսքի միջոցով Հայոց ցեղասպանությունը՝ որպես համամարդկային խնդիր աշխարհին ներկայացնելու և լուսաբանելու համար, Մոհամեդ Հանաֆի Նասրին ու Միրիամ Զաքիին (Եգիպտոս)` «Ո՞վ սպանեց հայերին» վավերագրական ֆիլմի համար:

Հանրապետության Նախագահի այլ հրամանագրերով, ՀՀ Նախագահի 2015 թվականի մրցանակ է շնորհվել՝

բնական գիտությունների զարգացման բնագավառում՝ Պողոս Վարդևանյանին, Վալերի Առաքելյանին, Արմեն Կարապետյանին՝ «Նուկլեինաթթուների հետ կենսաբանորեն ակտիվ միացությունների կապումը. տեսություն և փորձ» գիտական հոդվածների շարքի համար, Գրիգորի Կարագուլյանին՝ «Օրթոգոնալ շարքերի զուգամիտության որոշ հարցեր» գիտական հոդվածների շարքի համար,

տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում՝ Սևան Դավթյանին և Անահիտ Տոնոյանին` «Ադիաբատ և ֆրոնտալ պոլիմերացման տեսությունը և պրակտիկան» (ռուսերեն) մենագրության համար,

բժշկագիտության բնագավառում` Արմեն Մինասյանին, Հրանտ Կալենտերյանին, Իգոր Նալչաջյանին, Շահանե Գևորգյանին և Մարինե Հովակիմյանին` «Նորածնային վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի զարգացումը Հայաստանի Հանրապետությունում» աշխատանքի համար,

ֆիզիկայի զարգացման բնագավառում՝ Արթուր Իշխանյանին, Տիգրան Շահվերդյանին և Տիգրան Իշխանյանին` «Քվանտային երկմակարդակ խնդրի անալիտիկ մոդելներ» գիտական հոդվածների շարքի համար,

գրականության բնագավառում՝ Սուսաննա Հարությունյանին` «Ագռավները Նոյից առաջ» գրքի համար,

հումանիտար գիտությունների զարգացման բնագավառում՝ Ալբերտ Խառատյանին՝ «Արևմտահայ մամուլն իր պատմության ավարտին (1900-1922)» աշխատության համար:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի մրցանակներ չեն շնորհվել արվեստի բնագավառում:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել՝

արվեստի բնագավառում՝ Նարեկ Բարսեղյանին՝ «Ինքնություն» գեղանկարների շարքի համար, Գայ Ղազանչյանին՝ «Պատերից դուրս» գեղանկարների շարքի համար, Սիմոն Պետրոսյանին՝ «Դիցաբանական վարկած» քանդակների շարքի համար,

գրականության բնագավառում՝ Գրիգին (Գրիգոր Շաշիկյան)՝ «Հիսուսի կատուն» պատմվածքների համար:

Դասական երաժշտության բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել՝

«Երգեցողություն» անվանակարգում, բարձր կատարողական արվեստի համար՝ Քրիստինե Սաֆարյանին և Տիգրան Օհանյանին,

«Գործիքային կատարում» անվանակարգում, լավագույն կատարման համար՝ Անի Փարսադանյանին (ջութակ), Գործիքային տրիոյին՝ Անահիտ Դիլբարյանին (դաշնամուր), Վիգեն Հարությունյանին (ֆագոտ), Ավետիք Ղազարյանին (կլառնետ):

Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի հիմնումից ի վեր (2001-2016թթ.) 335 անհատներ և կազմակերպություններ արժանացել են մրցանակի:

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031