Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Քննարկում էին` Հայկազի դին կախել, թե նետել պատշգամբից». սպանված կուրսանտի գործով տուժող (Տեսանյութ)

Մայիս 26,2016 15:07

Երեւանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` մայիսի 26-ին, շարունակվեց ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի քննությունը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության, Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը հունվարի 29-ին, ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում, զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր Հայկազ Բարսեղյանն ինքնասպան է եղել: Այս գործով ամբաստանյալները դատարանում հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում:

Dat_Haykaz_Barsexyan_2Այսօրվա նիստի ընթացքում հարցաքննվեց Տիգրան Դեմիրճյանը: Գործում որպես տուժող ներգրավված զինվորական համազգեստով երիտասարդն ասաց, որ ճանաչում է ամբաստանյալներին, նրանց հետ եղել է նորմալ հարաբերությունների մեջ:

Դեմիրճյանն ասաց, որ դեպքի օրը պառկած է եղել Հայկազ Բարսեղյանի դիմացի մահճակալին, մասամբ լսել եւ տեսել է կատարվածը: Նա տեղեկացրեց, որ դեպքից առաջ ամբաստանյալները եւ սպանված կուրսանտը ճաշարանում են փորձել հարաբերություններ պարզել, ամբաստանյալից մեկն էլ ասել է, թե «դա այստեղ քննարկելու բան չի, վերեւը կխոսանք»:

«Ձայները լսեցի, արթնացա, չորս հոգով սենյակում էին` Հ. Բարսեղյանի «պոլկի» մոտ էին հավաքված…Առավոտյան Սամվել Սերոբյանը գիտեր, թե մարդ կա Հայկազի տեղերի մեջ, բայց սպարտիվկա էր ծալած-դրած, իբր մարդ էր, բայց արյուն էր…Զեկուցեցինք այդ մասին, հետո Հայկազին գտանք սպորտհրապարակում…Դրանից հետո քննիչները եկան…»:

Դեմիրճյանը նշեց, որ ամբաստանյալները Հայկազին դուրս են տարել: Դեմիրճյանի տպավորությամբ` նա շարժումներ չէր անում եւ ձայն չէր հանում, ուստի ենթադրել է, որ նա կենդանի չէ: Իսկ մինչեւ Բարսեղյանին ննջասենյակից հանելը, Տիգրան Դեմիրճյանի խոսքով, ամբաստանյալները կարծես փակել են Հայկազ Բարսեղյանի բերանը, պահել ոտքերը. «Գնելն էլ գործիքով հարվածել է»:

Ըստ Դեվիրճյանի` ամբաստանյալներից երկուսը քննարկել են` Հայկազի դին կախել, թե նետել պատշգամբից, մեկն էլ ննջասենյակում լույսի տակ ինչ-որ բան էր գրում` ասելով, որ ցանկանում են դեպքը որպես ինքնասպանություն ներկայացնել:

Dat_Haykaz_Barsexyan_3Ամբաստանյալների պաշտպաններից մեկի հարցին, թե Տիգրան Դեմիրճյանն ինչո՞ւ չի միջամտել կատարվածին, երբ իր բնորոշմամբ` ծեծում էին Հայկազին, Դեվիրճյանը պատասխանեց. «Չգիտեմ` վախեցա…»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031