Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ղազախական ցույցերն ու ժողովրդավարական ավանդույթներն ԵԱՏՄ-ում

Մայիս 26,2016 14:21

Ղազախստանում անցած շաբաթվա վերջին տեղի ունեցան իրադարձություններ, որոնք ցույց տվեցին, որ ժողովրդավարական ինստիտուտներն այդ երկրում ընդհանրապես չեն գործում: Խնդիրը կարող էր հեռու եւ անհետաքրքիր թվալ, եթե Ղազախստանում ժողովրդավարության մասով տիրող իրավիճակը հատուկ չլիներ ամբողջ այսպես կոչված եվրասիական տարածքին:

Եվրասիական տնտեսական միությունը, ձեւավորված նախկին ԽՍՀՄ անդամ եւ ԱՊՀ մասնակից հանդիսացող երկրներից, բացի տնտեսական հարաբերություններից, ենթադրում է նաեւ որոշակի քաղաքակրթական նույնականացում: Հենց այստեղ է, որ եվրաինտեգրացիայի երկար ու մասամբ արդյունավետ ճանապարհ անցած Հայաստանի հանրությունը բախվում է քաղաքակրթական հակասությունների ու ազդեցությունների` կապված ԵԱՏՄ մյուս երկրներում ժողովրդավարական ինստիտուտների կամ դրանց բացակայության հետ:

Ի՞նչ է կատարվում եվրասիաներում

Ղազախստանում անցած շաբաթ օրը տեղի ունեցածը ցույց տվեց, որ այդ երկրում մարդիկ չունեն խաղաղ ու օրինական հավաք անելդ իրավունք:

Խնդիրը ղազախական հողային օրենսգրքում կատարվող փոփոխություններն են, որոնց դեմ է հանդես գալիս բնակչության մի հատվածը եւ փորձում արտահայտել դա ցույցերի միջոցով: Ղազախստանի իշխանությունները, լինելով ավտորիտար ռեժիմի ներկայացուցիչներ, բնականաբար, գործադրում են բոլոր ջանքերը բողոքի ձայնը հենց որովայնում խլացնելու համար: Նախքան մայիսի 21-ը, երբ Աստանայի կենտրոնից, մինչեւ նույնիսկ ակցիայի սկսվելը, բերման ենթարկվեցին տասնյակ ակտիվիստներ եւ ԶԼՄ ներկայացուցիչներ, Ղազախստանում արդեն իսկ տեղի էին ունեցել բողոքի ցույցեր, որոնք եւս ճնշվել էին ուժի կիրառմամբ: Հատկանշական է, որ հենց ղազախական իշխանությունները, նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի գլխավորությամբ, խոստովանեցին, որ ստեղծված իրավիճակը, այսինքն` բողոքի սովորական, ամենապարզ դրսեւորումը, լրջագույն վտանգ է ներկայացնում իրենց համար: «Հիմա լիբերալություն անելու ժամանակը չէ: Մենք պետք է երկիրը պահպանենք: Հիմա բարդ ժամանակներ են, ղազախստանցիները չեն ուզում ուկրաինական իրադարձություններ Ղազախստանում, ես դա գիտեմ, թող բոլորն իմանան: Իսկ ովքեր ուզում են դրանք այստեղ բերել, մենք ամենակոշտ միջոցները կձեռնարկենք»,- մասնավորապես` ասել էր Նազարբաեւը հատուկ «հողային ցույցերի» հարցով իր աշխատավայրում հրավիրված խորհրդակցության ժամանակ: Սա, թերեւս, բացահայտ ցուցադրում է, թե ինչքանով են ղազախական իշխանությունները խուսափում ժողովրդական ցանկացած, նույնիսկ ամենահասարակ դրսեւորումներից` միանգամից զուգահեռներ անցկացնելով իրենց համար սարսափելի ուկրաինական իրադարձությունների հետ:

Ղազախստանում տեղի ունեցողը, ընդհանուր առմամբ, յուրահատուկ է նաեւ ԵԱՏՄ անդամ Ռուսաստանի եւ Բելառուսի համար: Ռուսաստանի դեպքում նույնիսկ սովորական են դարձել, օրինակ, հարձակումներն ընդդիմադիր գործիչների վրա, մասնավորապես` Ալեքսեյ Նավալնու, իսկ օրեցօր խստացվող օրենսդրությունը անհնարին է դարձնում նույնիսկ հասարակ միանձնյա ցույցերի անցկացումը (մինչեւ դա հատուկ կարգով չթույլատրվի համապատասխան մարմինների կողմից): Ռուսաստանում վերջերս անհնարին է դարձել նույնիսկ այսպես կոչված արտ-ակցիաների անցկացումը ու փողոցից բերման են ենթարկում մարդկանց` պարզապես «миру мир» («աշխարհին խաղաղություն») գրությամբ փոքր պաստառով քաղաքով միայնակ զբոսնելու համար:

Վիճակն էլ ավելի վատ է Բելառուսում: Անցած մարտի 25-ին Մինսկում անցկացվեց ընդդիմության «Կամքի ուժը» ակցիան, որի ընթացքում թերեւս «ամենաբարձր» հնչած արտահայտությունն այն էր, որ բելառուսցիները պետք է ավելի լավ ապրեն, քանի որ ավելի խիստ վանկարկումները արգելվել էին ու կվտանգեին ցույցի անվտանգությունը: Ընդ որում, այս ցույցն անգամ հնարավոր դարձավ, քանի որ Բելառուսը ցանկանում էր բարելավել հարաբերությունները Եվրամիության հետ:

ԵԱՏՄ մեկ այլ երկրում` Ղրղըզստանում, իշխանությունները բերման են ենթարկում ընդդիմադիր գործիչների, որոնց մեղադրում են ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման հետ կապ ունենալու մեջ: Մասնավորապես` «Ազգային խորհրդարան» ընդդիմադիր շարժման մի շարք առաջնորդներ արդեն իսկ ազատազրկված են: Նշելով, որ ղրղզ ընդդիմադիրները հերքում են իրենց կապը ԻՊ-ի հետ` փաստենք, որ Ղրղզստանում, ինչպես եւ վերոնշյալ երկրներում, իշխանությունները ընդդիմության հետ վարվում են նույն կերպ` ճնշում են:

Ի վերջո, խոսելով ԵԱՏՄ-ում ժողովրդավարության մասին, պետք է նշել, որ կառույցի անդամ երկրներում պետության ղեկավար, որպես կանոն, տասնամյակներով չի փախվում: Այդպես, Ռուսաստանի ղեկավարը, 1999 թվականից, փաստացի Վլադիմիր Պուտինն է, Բելառուսում Ալեքսանդր Լուկաշենկոն նախագահ է 1994 թվականից, իսկ Նորսուլթան Նազարբաևը ղեկավարում է Ղազախստանը դեռ 1989 թվականից:

Ինչպես է դա մեր վրա ազդում

2013 թվականի սեպտեմբերից հետո, երբ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտնեց, որ Հայաստանն ընտրում է եվրասիական ինտեգրման ճանապարհը, Հայաստանում կտրուկ մեծացել է քաղաքացիական ակտիվիստներին բերման ենթարկելու դեպքերի թիվը, ավելի կոշտ են դարձել քաղաքացիական ակցիաները ցրելիս ոստիկանության կիրառած միջոցները: Այս միտումը սկսեց ցայտուն երեւալ 2015-ին, երբ Հայաստանն արդեն ԵԱՏՄ լիիրավ անդամ էր: Մասնավորապես, 2015 թվականին մոտ 8 անգամ ավելի շատ քաղաքացի է բերման ենթարկվել խաղաղ ցույցերից, քան 2014-ին: 2014-ի 52 հոգու փոխարեն 2015-ին այս թիվը եղել է 380-ից ավել: Բացի այդ, ինչպես հայտնի է, 2015-ի հունիսին ջրանետի ու բիրտ ուժի կիրառմամբ Երեւանում խաղաղ ցույց է ցրվել: 2016-ին միտումը կարող է պահպանվել, քանի որ անհամաչափ իրավական ու դատական գործընթացներ են տեղի ունենում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ու ընդդիմադիրների նկատմամբ:

Վերոնշվածը լուրջ պատճառ է մտավախություն ունենալու, որ ԵԱՏՄ մյուս երկրների հետ քաղաքակրթական տարբերությունները չեն կարող դրական ազդեցություն ունենալ Հայաստանի վրա, մասնավորապես` ժողովրդավարության ինստիտուտների զարգացման հարցում:

Վահե Ղուկասյան,
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031