Գեղարքունիքի մարզից ապրիլյան քառօրյա հերոսամարտերում եւ նրան հաջորդած օրերին հայրենիքի սահմանները թշնամուց պաշտպանելիս զոհվեցին Հայոց բանակի ութ զինծառայողներ, որոնց հիշատակը վառ պահելու համար զոհվածների ուսումնառած դպրոցների մանկավարժական խորհուրդների որոշմամբ եւ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի համաձայնությամբ նրանց անուններով են անվանակոչվել այդ դպրոցների դասասենյակները կամ ռազմագիտության կաբինետները: Գանձակ գյուղից զոհված Արմեն Մարտիրոսյանի և Զոլաքար գյուղից զոհված Դավիթ Հայրապետյանի անուններով են անվանակոչվել Գանձակի թիվ 1 և Զոլաքարի թիվ 1 միջնակարգ դպրոցների իրենց դպրոցական տարիների դասասենյակները, իսկ Երանոսից զոհված Նորիկ Սարգսյանի, Զոլաքարից զոհված Գագիկ Մելքոնյանի, Փոքր Մասրիկից զոհված Վրեժ Սարգսյանի, Վերին Գետաշենից զոհված Իգոր Հակոբյանի, Գեղամասարից զոհված Կորյուն Հարությունյանի, Արեգունուց զոհված Հարություն Աբրահամյանի անուններն են կրում Երանոսի թիվ 2, Զոլաքարի թիվ 2, Վերին Գետաշենի թիվ 2, Արեգունու, Փոքր Մասրիկի եւ Գեղամասարի միջնակարգ դպրոցների ռազմագիտության կաբինետները: Երանոսի թիվ 2 միջնակարգ դպրոցի միջանցքում դպրոցի տնօրինության եւ մանկավարժների նախաձեռնությամբ ստեղծվել է նաև Նորիկ Սարգսյանի փառքի անկյունը:
ՙՀայրենիքի համար մաքառած ու հերոսացած այս քաջերին պետք է հիշենք հավերժ, ամենայն խոնարհումով ու ակնածանքով: Սերունդները պետք է հպարտանան նրանց փառավոր գործերով, բռնկվեն հայրենասիրության կրակով, իմանան, թե ինչ խիզախության ու անձնազոհության գնով են մեր հերոս տղաները հայրենիք փրկել՚, իր խոսքում նշել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը:
Գեղարքունիքի մարզպետարան