Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

4 մլն դրամ նպաստ ուզում են տալ ոչ միայն զոհված զինծառայողների, այլեւ կամավորների ընտանիքներին

Մայիս 26,2016 13:32

Այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց 2015-ի բյուջեի կատարման հաշվետվությունը:

Նախարարն ասաց, որ մարդկանց մտածելակերպը հաշմանդամություն ունեցողների նկատմամբ փոխվել է, ոչ թե խղճում են, այլ գիտակցում են, որ նրանք էլ կարող են եւ պետք է օգտվեն այն բոլոր իրավունքներից, ինչ հաշմանդամություն չունեցող մարդիկ:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն էլ հարցրեց՝ հաշմանդամություն ունեցողների հիմնական խնդիրը տեղաշարժի խնդիրն է, որի մասին տարիներ շարունակ խոսում ենք, բայց խնդիրը չի լուծվում. «Շատ լավ հասկանում եմ, որ միջոցներ են պետք, բայց գոնե բուհերում, որտեղ հաշմանդամը խնդիր ունի մենակ տեղաշարժվել, գոնե հասարակական վայրերում կարող եք էնպես անել, որ տեղաշարժվեն»:

Նախարարը պատասխանեց, որ փոքր ծավալ չեն կազմում իրենց աշխատանքները՝ շենքերի հարմարեցման, սայլակների, հենաշարժողական ապարատների տրամադրման: Ինչ վերաբերում է բուհերի հարմարեցմանը՝ նա ասաց, որ կարիքների գնահատման աշխատանքներ իրականացվեցին, «ձեւավորեցինք մեթոդաբանություն, թե ինչպես կազմել յուրաքանչյուր բուհի համար կոնկրետ ծրագիր՝ մատչելիության ապահովման հետ կապված, որ որպես առաջնահերթություն դիտարկենք»: Արտեմ Ասատրյանն ասաց, որ միջազգային դոնոր կազմակերպությունների հետ են համագործակցում ու ունեն որոշակի պայմանավորվածություններ:

Lyudmila_Sargsyan-2

Լյուդմիլա Սարգսյանը նաեւ հարցրեց՝ քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների համար ի՞նչ եք արել, քանի՞ զինծառայողի՝ վիրավորված, մահացած, ի՞նչ կոնկրետ գործեր են արվել: Նախարարը պատասխանեց, որ աշխատանքային խումբ է ստեղծվել վարչապետի որոշմամբ, որում ընդգրկվեցին սոցիալական աշխատողներ, կարիքների գնահատում է իրականացվել. «Արդեն աշխատանքներ են սկսվել իրականացվել: Մեծ ծավալ կազմեց անհատ քաղաքացիների կողմից ինքնաբուխ օգնության տրամադրման աշխատանքները, որն իր նպաստը եւս բերեց: Ինչ վերաբերում է պետական մակարդակով ինստիտուցիոնալ լուծումներին, արդեն մի քանի նախագծեր ընթացքի մեջ ենք դրել, դրանց մի մասը կառավարությունն առաջիկայում կհաստատի: Կան եւ միանվագ ապահովագրական վճարներ: Շուրջ 4 մլն դրամ է կազմում պետբյուջեով տրամադրված գումարի չափը, ուզում ենք դա նույնացնել նաեւ կամավորականների համար, որոնք զինծառայող չեն եղել: Միջին հաշվով 3 հոգանոց ընտանիքի համար նախատեսվում է կենսաթոշակ, պարգեւավճար՝ 150-180 հազար դրամի կարգի գումարի մասին է խոսքը՝ կախված տարբեր կատեգորիաների հետ՝ զինծառայող, սպայական, ենթասպայական եւ այլն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031