«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը վաղը տեղի ունենալիք «Վերջին զանգի» և «Վերջին դասի» տոնակատարություններին ընդառաջ ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ բոլոր դպրոցներում «Վերջին զանգի» տոնակատարությունները կսկսեն մեկ րոպե լռությամբ` որպես երախտիքի խոսք ու լուսավոր հավերժություն մեր հերոսներին:
Նարինե Հովհաննիսյանի հավաստմամբ` այս տարի դրամահավաքության ահազանգերը նվազել են. գրանցվել է 15-ը: Սակայն տիկին Հովհաննիսյանը, հղում կատարելով դպրոցների տնօրեններին, ըստ էության դրամահավաքության մեղքը բարդեց ծնողների վրա. «Հիմնականում բոլոր ահազանգերն անանուն են, որտեղ դժվար է եղել հասկանալ իրականությանը համապատասխանո՞ւմ են, թե՞ ոչ: Բայց ուսումնասիրությունների արդյունքում, երբ հրավիրվել են տնօրենները, նրանց հետ զրույցից պարզ է դարձել, որ Վերջին զանգը ծնողների կազմակերպածն է, և խնդիրները տնօրինում են ծնողները»:
Տիկին Հովհաննիսյանը ընդունեց, որ տնօրենները չեն ժխտում, թե դրամահավաքություն կա, բայց նաև նշեց, որ վստահեցնում են, թե դա արվում է ծնողների նախաձեռնությամբ. «Երեխաները գնում են խնջույքի, որին մասնակցում են մայրը, հայրը, դրանից էլ գումարի չափը մեծանում է»:
Նարինե Հովհաննիսյանը նաև շեշտեց, թե կա ՀՀ ԿԳ նախարարի շրջաբերական, որտեղ նա հորդորում է զերծ մնալ դրամահավաքությունից:
Կարդացեք նաև
Տեղեկացնենք, որ այս տարի դպրոցներն ունեն նաև 30 հազար իններորդ դասարանի շրջանավարտ, որոնք ազատ են իրենց ուսումը շարունակել ավագ դպրոցներում, ուսումնարաններում կամ քոլեջներում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ