Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքում կարմիր գծերով եզրագծված կայանատեղիները ո՛չ մուտք ունեն, ոչ էլ ելք. «Հայոց աշխարհ»

Մայիս 26,2016 13:14

Որքան էլ տարիներ շարունակ վարորդները բարձրաձայնում են մայրաքաղաքի փողոցներում կարմիր եզրագծումներով կայանատեղիների բիզնեսով զբաղվող «Փարքինգ սիթի սերվիս» ընկերության անօրինականությունների մասին, իրավասու կառույցները որեւէ միջոց չեն ձեռնարկում ընկերությանը պատասխանատվության ենթարկելու համար:

Ինչպես հավաստիացնում է «Փարքինգ սիթիի» կամայականությունների դեմ պայքարող վարորդներից մեկը` ՍԵՐԳԵՅ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ, ընկերությունը շարունակում է նորանոր խախտումներ թույլ տալով ընդլայնել իր բիզնեսը` «ռեկետի» ենթարկելով վարորդներին, իսկ փոխարենը որեւէ ծառայություն չմատուցելով նրանց:

Սերգեյ Ղահրամանյանը պարզել է, որ Երեւանի քաղաքային համայնքում ավտոկայանատեղիներ կազմակերպելու մասին քաղաքապետարանի որոշումն արգելում է համայնքային սեփականություն համարվող ընդհանուր օգտագործման փողոցներում եւ հրապարակներում կազմակերպել ավտոկայանատեղիներ, եթե երթեւեկությունն իրականացվում է յուրաքանչյուր ուղղությամբ մեկական գոտիով:

Ինչ վերաբերում է ավելի լայն եւ մի քանի երթեւեկելի գոտիներ ունեցող փողոցներում կայանատեղիներ կազմակերպելուն, ապա այս դեպքում օրենքը որոշակի սահմանափակումներ է նախատեսում: Օրենքով ավտոկայանատեղի է համարվում այն տարածքը, որը հստակ եւ անվտանգ մուտք եւ ելք ունի, չի սահմանափակում փողոցի ընդհանուր երթեւեկությունը:

Մինչդեռ մայրաքաղաքում կարմիր գծերով եզրագծված կայանատեղիները ո՛չ մուտք ունեն, ոչ էլ ելք, եւ հաճախ մեքենան այդ տարածքներից դուրս բերելիս վթարային իրավիճակներ են ստեղծվում: Այդ կայանատեղիները նաեւ ապահով չեն գծերից այն կողմ կանգնած մեքենաների համար, քանի որ շատ մոտ են փողոցի երթեւեկող հատվածին, եւ շարժվող մեքենաներն անզգուշաբար կարող են վնասել դրանք: Իսկ «Փարքինգ սիթի սերվիսը» որեւէ երաշխիք չի տալիս վարորդներին, որ իրենց մեքենաներն անվնաս կմնան:

Հետեւաբար հարց է ծագում. ինչի՞ համար են ընկերության սեփականատերերը պահանջում վճարել վարորդներին, եթե գումարի դիմաց որեւէ ծառայություն չեն մատուցելու:

Ի դեպ, շատ կասկածելի է նաեւ այն հարցը, թե որքանո՞վ են վերահսկվում կայանած մեքենաներն ընկերության կողմից, քանի որ շատ կայանատեղիներում անգամ հսկող տեսախցիկներ տեղադրված չեն: Քիչ չեն այն դեպքերը, երբ մեքենաներից մասեր են գողացել, իսկ ընկերությունը վարորդներին համապատասխան տեսագրություն չի տրամադրել:

Իսկ այն, որ կարմիր գծերը եւ դրանց սահմաններից ներս կանգնած մեքենաները սահմանափակում են փողոցի ընդհանուր երթեւեկությունը` զբաղեցնելով դրա 30 տոկոսը, ակնհայտ է: Հետեւաբար անգամ թույլատրելի փողոցներում եղած կայանատեղիներն օրենքների կոպիտ խախտումով են գործում:

Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031