Լրահոս
Օրվա լրահոսը

Արագ փոփոխվող աշխարհից՝ արագ փոփոխվող ճահիճ. «168 ժամ»

Մայիս 26,2016 12:53

Արագ փոփոխվող աշխարհ… Հիշո՞ւմ եք՝ ով էր սիրում այս արտահայտությունը։ Իհարկե, ՀՀ նախկին վարչապետ, ներկայումս Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Աշխարհն իրոք արագ է փոխվում, բայց մի բան հաստատուն է ու երբեք չի փոխվում՝ Տիգրան Սարգսյանի սերն այդ փոփոխությունների մասին խոսելու նկատմամբ։ Տ. Սարգսյանն այդ մասին խոսում էր մինչև վարչապետ նշանակվելը, վարչապետության ընթացքում, և հիմա ԵՏՀ կոլեգիայի նախագահի պաշտոնում:

Այսպես, նախօրեին Աստանայում ելույթ ունենալով Արժույթի միջազգային հիմնադրամի տարածաշրջանային խորհրդաժողովին, նա անդրադարձել է ժամանակակից մակրոտնտեսական մարտահրավերներին։

Իր ելույթում Տիգրան Սարգսյանը նշել է, որ վերջին 10-15 տարում աշխարհում տեղի են ունեցել մի շարք կարևոր փոփոխություններ, որոնք ազդել են մակրոտնտեսական վիճակի վրա։ «Նախ մեծացել է փոփոխությունների ու անկանխատեսելիության արագությունը։ Շատ արագ է փոխվում ղեկավարների օրակարգը, առաջանում են նոր մարտահրավերներ և ռիսկեր, միաժամանակ՝ նոր հնարավորություններ»,- ասել է նա։

Այսինքն` այն ժամանակ Տիգրան Սարգսյանը խոսում էր արագ փոփոխությունների մասին, հիմա՝ փոփոխության արագության մասին։ Ըստ էության, մեծ տարբերություն չկա։ Գլխավոր տարբերությունը (փոփոխությունը) շեշտադրումներն են։ Եթե ժամանակին նա տարբեր փաստարկներով հիմնավորում էր, որ Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցությունը ոչ միայն աննպատակահարմար էր, այլև մեզ խնդիրների առաջ կկանգնեցներ, այսօր մեր խնդիրների լուծման ուղին տեսնում է հենց նույն կառույցին առավել խորը ինտեգրման մեջ։

Տիգրան Սարգսյանը նշել է, որ տարածաշրջանային ինտեգրումը պատասխան է ժամանակակից մակրոտնտեսական մարտահրավերներին. «Մասնավորապես, դրանով է այսօր զբաղվում եվրասիական տնտեսական միությունը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։ Մեր գործունեությունն ուղղված է մեր երկրների մակրոտնտեսական քաղաքականության կոորդինացման հարցերում երկխոսության հաստատմանը, որպեսզի ապահովենք փոխգործակցությունը, կանխատեսելիությունն ու զարգացման կայունությունն ինֆլյացիայի նպատակային ցուցանիշներին հասնելու պայմաններում, ինչպես նաև համատեղ պատասխանենք ժամանակակից մարտահրավերներին»։

Նա մի հետաքրքիր միտք էլ է արտահայտել՝ երբեմն թվում է, թե միայնակ հնարավոր է ավելացնել ներքին համախառն արդյունքի աճի պոտենցիալը, սակայն նման աճը կլինի անկայուն, ու տնտեսությունն ավելի շատ կենթարկվի արտաքին անբարենպաստ գործոնների ազդեցությանը։ Այսինքն, եթե Հայաստանը չինտեգրվեր Եվրասիական տնտեսական միությանը, չդառնար այդ կառույցի անդամ, ապա տնտեսության վիճակն ավելի վատ կլիներ։ Բայց դա բավարար չէ։ Պետք է ավելի խորը ինտեգրվել, թե չէ կարող է ավելի վատ լինել։

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031